18/03/2014 18:31
Արմեն Գևորգյանը չի պատրաստվում հանդիպել Արագածոտնի մարզի գյուղացիներին
«Գյուղի բնակիչները ինձ հետ հանդիպելու ցանկություն չեն հայտնել»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը` պատասխանելով հարցին, թե ե՞րբ է հանդիպելու Արագածոտնի մարզի բնակիչների հետ, ովքեր բողոքում էին ոռոգման ջրատարի վրա ՀԷԿ-ի կառուցումից:
Դիտարկմանը, թե Արագածոտնի մարզի 7 գյուղերի բնակիչներ փակել էին Ապարան-Աշտարակ ճանապարհը` բողոքելով ՀԷԿ-ի կառուցման դեմ և պահանջում էին հանդիպում իր հետ, Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ ՀԷԿ-ի հետ կապված «ասուլիս է տվել և բոլոր հարցերին պատասխանել»:
Իսկ հարցին, թե ե՞րբ է տեղի ունեցել ասուլիսը, կամ ի՞նչ են պատրաստվում անել ՀԷԿ-ի կառուցման խնդրով, Արմեն Գևորգյանն ասաց. «Հարցեր ունեք` գրավոր դիմեք»:
Հիշեցնենք, որ Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը բողոքող գյուղացիներին տեղեկացրել էր, որ այս երկուշաբթի կամ երեքշաբթի օրերեին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կհանդիպի նրանց, հանդիպմանը պետք է մասնակցեր յուրաքանչյուր գյուղից 15-ական ներկայացուցիչ:
Հիշեցնենք նաև, որ Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան գյուղերի մոտ նախատեսվում է Ապարանի ջրամբարից սնվող ջրատարի վրա ՀԷԿ-կառուցել: Հարակից յոթ գյուղերի բնակիչները բողոքել էին ՀԷԿ-ի կառուցումից` նշելով, որ ՀԷԿ-ի կառուցումից հետո ոռոգման ջուր չեն ունենալու այգիները ջրելու համար, որոնք իրենց միակ եկամտի աղբյուրն են: