21/03/2014 11:25
Փորձագետ. Իրանը բացասական է վերաբերվում ՆԱՏՕ-ի ներկայությանը Հվ.Կովկասում
«Իրանը բացասական է վերաբերվում ՆԱՏՕ-ի ներկայությանը Հարավային Կովկասում, ինչը բացատրվում է ԱՄՆ-ի և Իրանի միջև տարիներ շարունակ գոյություն չունեցող դիվանագիտական հարաբերությունների փաստով, ինչն էլ բացասական հետք է թողնում Իրանի գնահատականների վրա»,-այսօր «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ընթացքում ասաց Իրանի Իմամ Սադիքի համալսարանի ներկայացուցիչ Մոհամմադ Հասան Խանին:
Նա նշեց, որ երբ խոսքը վերաբերում է աշխարհի և հատկապես Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը, պետք է հաշվի առնվեն տարածաշրջանային բոլոր դերակատարողների կարծիքը և ներգրավվածությունը:
«Պետք է հաշվի առնվի Իրանի կարգավորիչ դերակատարումը Հարավային Կովկասի տարածաշրջանում և այդ դերակատարումը պետք է հաշվի առնվի բոլորի կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի»,-նշեց Հասան Խանին:
Մ.Հասան Խանի խոսքով՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային ինտեգրացիան կարող է նպաստել տարածաշրջանային անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Ըստ նրա՝ աշխարհում Իրանի դերակատարման բացառման փորձերը բացասական տրամադրություններ են ստեղծում իրանցիների շրջանում և դա իր հետքն է թողնում Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորման վրա: