25/03/2014 17:06
Վարդան Պետրոսյանի գործ. Եթե մեքենան կողքից հարվածեր, որևէ մեկը ողջ չէր մնա
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարից հետո մինչև հիմա այդ տեղում նշաններ չեն դրվել, ինչը ապացուցում է, որ Տրանսպորտի և կապի նախարարությունը որևէ հետևություն չի արել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այդ վայրում պետք է լիներ համապատսախան ցուցանակ, որը չկա, և այդքան թերություններ ունեցող «Նիվայի» վարորդը պետք է տեսներ այդ նշանը:
«Ինչ վիճակում էլ լիներ, նա կթեքվեր դեպի Աշտարակ, եթե այդ նշանը լիներ, քանի որ այդտեղ ճանապարհը երկու ճանապարհ է դառնում, պետք է նաև համապատասխան գծանշումներ լինեին, ինչը չի արվել: Այս պարագայում հետաքննիչները իրենց կամայական եզրակացություններն են անում, մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ չկա հակառակ ուղղությամբ նշան, և կամայական սկզբունքով ասում են՝ ով է մեղավոր եղել»,-ասաց նա:
Է. Հովհաննիսյանը նշեց, որ այս գործով վարորդներից միայն մեկի մասին են խոսում, մյուսի կատարած խախտումների մասին ոչ մի եզրակացություն չեն անում, իսկ թե որտեղից են դա վերցրել, անհայտ է:
«Մեքենայի վրա հայելիներ չեն եղել, բացի այս, Կառավարության որոշման համաձայն՝ ավտոմեքենայի ապակիների վրա թաղանթը պետք է չլինի հայելապատ, շատ հազվադեպ մեքենաներ կան, որ համապատասխանում են այդ նորմին, ոնց որ բոլորը խնդիր դրած լինեն իրենց առջև: Բացակայում է հետիոտն-վարորդ կոմունիկացիան: Նույնն էլ նշանների ու գծանշումների մասով է: Ավտեմեքենաներում գազաբալոնային սարքերի տեղադրման վերաբերյալ ևս կա կառավարության որոշում, բայց կան մեքենաներ, որ դնում են դա հետևում, և, տվյալ դեպքում, երբ հետևում կան 4 ուղևորներ, ծանրության կենտրոնը կտրուկ հետ է գնացել և հարվածի ժամանակ մեքենայի առջևի մասը բարձրացել է, իսկ եթե թեքությամբ կպներ մեքենան հետևից, «Նիվա» ավտոմեքենան շուռ էր գալու և դժվար թե որևէ մեկը ողջ մնար: Գրեթե առանց որևէ թերության՝ հետևից է խփել «Նիվային»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակում՝ Փորձագետ. Վարդան Պետրոսյանի գործով ոստիկանները լավ չեն աշխատել
Վարդան Պետրոսյանի պաշտպան. Դատական նիստը կհետաձգվի