25/03/2014 17:53
«Քեսաբի հարձակումը բացահայտ սպառնալիք է տարածաշրջանային խաղաղությանը»
Մեր հարևան երկիրը համառորեն մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական կոչերը և սրա վառ ապացույցն այն է, որ նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դիպուկահարի կողմից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Թորոսյանը: ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ակնհայտ է, որ այս ամենն արդյունք է Ադրբեջանի ղեկավարության ֆաշիստական և հայատյաց քաղաքականության: Եվ այս ամենից հետո նրանք դեռ իրենց հասարակությունն անվանում են հանդուրժող: Կարծում եմ՝ շատերը կհիշեն, որ Երկրորդ աշխարհամարտից առաջ էլ գերմանական նացիստներն էին իրենց շարժումը կոչում քրիստոնեական: Մեկնաբանություններն ավելորդ են»,- ասաց նա:
Անդրադառնալով թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող հայաբնակ գյուղաքաղաք Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին՝ Է. Շարմազանովը մեջբերեց Նախագահ Սարգսյանին. «Քեսաբի հայերի՝ թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է»:
Մի բան անվիճելի է՝ Քեսաբի վրա զինված հարձակումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Սա բացահայտ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային խաղաղությանը, այլև՝ ազդակ ՄԱԿ-ի և այն միջազգային կառույցների համար, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ»:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա:
Նախորդող հրապարակումներ՝ «Շատ ուրախ եմ՝ գնացել են Քեսաբ, ուրախ չեմ, որ միայն ՀՀԿ-ականներ են գնացել»
Սերժ Սարգսյանը Հաագայում խոսեց Քեսաբում ստեղծված իրավիճակի մասին