25/03/2014 15:20
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ի պաշտպանություն քեսաբահայերի բողոքի ակցիա կանցկացվի
Մարտի 27-ին՝ ժամը 15:00-ին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի առջևի պաշտպանույուն քեսաբահայերի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայի դեմ բողոքի ցույց կանցկացի: Միությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, որի վերջին դրսևորումը օրերս թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող բնակավայրերի վրա Թուրքիայի հրահրմամբ գործող ահաբեկչական խմբավորումների սանձազերծած գործողություններն են։
Քեսաբի և շրջակա բնակավայրերի վրա Թուրքիայից ներթափանցած խմբավորումների հարձակման արդյունքում պղծվել է Քեսաբի հայոց եկեղեցին, կողոպտվել են տներ, մոտ 400 հայ ընտանիք տեղահան է եղել Քեսաբից և ապաստանել Լաթակիայում: Քեսաբի հայ բնակչությունը 1909թ-ից և 1915թ-ից հետո, այս էլ երրորդ անգամ ենթարկվում է Թուրքիայի կողմից սանձազերծված տեղահանության:
Թուրքիայի կողմից քեսաբահայությանն ուղղված հերթական հարվածը, կրկին տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առջև: Միջազգային հանրություն, որն իր կրավորական կեցվածքով և թողտվությամբ խրախուսում է Թուրքիայի այսօրինակ ոճրագործությունները և ցեղասպան քաղաքականությունը հայության նկատմամբ:
Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից կատարել իր իրական առաքելությունը, դատապարտել և կանխել Թուրքիայի քողարկված ագրեսիան և միջոցներ ձեռնարկել քեսաբցիների իրենց բնակության մշտական վայր վերադարձի ուղղությամբ։
Որպես հայ երիտասարդ մենք զորակցություն ենք հայտնում սիրիահայությանը և հաստատակամություն ենք հայտնում բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու և նեցուկ կանգնելու մեր հայրենակիցներին։
Միաժամանակ կոչ ենք անում երիտասարդությանն ու քաղաքական ուժերի երիտասարդական թևերին, միանալ սույն թվականի մարտի 27-ին՝ ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի առջև անցկացվելիք բողոքի ցույցին՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայի դեմ»,-ասված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսապ ավանի վրա:
Նախորդող հրապարակումներ՝ Սերժ Սարգսյանը Հաագայում խոսեց Քեսաբում ստեղծված իրավիճակի մասին
Ասադը Արամ Ա. Կաթողիկոսին խոստացել է Քեսաբի խաղաղության համար ամեն բան անել
Հարձակում է եղել Սիրիայի հայաբնակ Քեսապ ավանի վրա. yerakouyn.com
Ասադը Արամ Ա. Կաթողիկոսին խոստացել է Քեսաբի խաղաղության համար ամեն բան անել