25/03/2014 17:31
Վարդան Պետրոսյանի փաստաբան. Ինձ հանձնարարվել է չվնասել մյուս կողմին
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով պետք է փորձաքննություն նշանակվի և հաշվարկվի՝ արդյոք «Նիվան» խոչընդոտ ստեղծե՞լ է, արդյոք Վարդան Պետրոսյանը վթարը կանխելու հնարավորություն ունեցե՞լ է, թե՝ ոչ, եթե ունեցել է, ապա երկու կողմն էլ պետք է պատասխանատվություն կրեն, եթե ոչ, ապա՝ մի կողմը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ նախաքննության փուլում հարցաքննվել է «Նիվայի» վարորդը, ով ասել է, որ իջեցրել է արագությունը և կողք է կանգնել, իսկ Վ. Պետրոսյանը մեծ արագությամբ հետևից եկել է ու հարվածել և, որևէ փորձաքննություն չի նշանակվել՝ պարզելու, նա ճիշտ է ասում, թե՝ ոչ:
Փաստաբանի խոսքով՝ եթե այդ փորձաքննությունը նշանակվեր, ապա կարող էին պարզել, որ կողասահքը կարող է առաջանալ այն դեպքում, երբ մեքենան խոչընդոտի է բախվում, ինչպես եղել է այս դեպքում:
Հարցին՝ ինչո՞ւ են իր անձով պայմանավորում Վարդան Պետրոսյանի և Հակոբյանների միջև անհաշտությունը, փաստաբանը պատասխանեց.
«Ես վերջերս դիտում եմ աղմկահարույց գործերը, երբ վիրավորանքները ուղղված են լինում փաստաբաններին: Եթե անգամ պարոն Բալոյանը վարքագծի խախտում է թույլ տալիս և իմ բոլոր քայլերին արձագանքում է, ես չեմ պատրաստվում դա անել: Մենք պարոն Բալոյանի հետ շփվել ենք նախկինում, ծանոթ ենք արդեն 15 տարի, ինքը մեր տանը հյուրընկալվել է, մենք էլ իրենց մոտ ենք եղել և նա տեղյակ է, որ մեր գործերի վրա բավականին մեծ թիմ է աշխատում: Մենք փորձաքննություն ստանալու համար առկա տվյալները ուղարկում ենք արտերկիր և նա գիտի, որ իր գործողություններով փաստաբանը այստեղ որևէ բան չի կարող անել»,-ասաց նա:
Հարցին՝ ինքը իր մեղքի բաժինը տեսնում է այս գործով կողմերի մոտ առաջացած թշնամանքի հարցում, Ն. Բաղդասարյանը պատասխանեց.
«Չկա մի փաստաբան, որ չուզենա, որ իր վստահորդը լինի վատ հարաբերությունների մեջ մյուս կողմի հետ: Կգա ժամանակ և Վարդան Պետրոսյանն էլ կհավաստի իմ խոսքերը, երբ որ առաջին օրը հիվանդանոցում նա ինձ պատմեց, որ «Նիվայի» վարորդը հետընթաց է կատարել, ես ասացի, որ այդ դեպքում ուրեմն ինքը մեղք չունի, նա ասաց՝ ամեն ինչ անենք, որ մյուս կողմին չվնասենք: Ինձ ի սկզբանե հանձնարարվել է վնաս չպատճառել մյուս կողմին: Ես ասացի, որ մոդելավորված տարբերակը կպատրաստենք, ինչին Վ. Պետրոսյանը ասաց, որ հենց վթարը մոդելավորենք և հրապարկենք, դա Հայոց պատմություն կդառնա և թշնամության պատճառ կհանդիսանա: Նա ասաց, որ ուզում է գնալ Հակոբյանների տուն և փորձել հաշտության եզրեր գտնել: Մենք այդ մասին քննիչին տեղյակ ենք պահել, որ հարգելի քննիչ, ուզում են գնալ հաշտեցման, հաջորդ օրը Վարդանին ձերբակալեցին»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ Վ. Պետրոսյանի՝ Ֆրանսիայից ժամանած փաստաբանները պետք է մասնակցեն մարտի 28-ին նշանակված դատական նիստին և նրանք գործում ներգրավվել են Պետրոսյաննների ցանկությամբ, քանի որ Ֆրանսիայում ներկայացրել են Վ. Պետրոսյանի շահերը:
Նախորդող հրապարակում՝ Վարդան Պետրոսյանի գործ. Եթե մեքենան կողքից հարվածեր, որևէ մեկը ողջ չէր մնա
Փորձագետ. Վարդան Պետրոսյանի գործով ոստիկանները լավ չեն աշխատել
Վարդան Պետրոսյանի և Հակոբյանների հարազատների 3-րդ հանդիպումը չի կայացել