28/03/2014 15:42
Հակոբ Հակոբյանի հարցը Արծվիկ Մինասյանին զվարճացրեց ՍԴ նիստի մասնակիցներին
ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է «Պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի» սահմանադրականության քննարկումը: Ընդմիջումից հետո դատարանը վերսկսեց հարցուպատասխանը: Պատասխանող կողմից ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, օրենքի համահեղինակ Հակոբ Հակոբյանը հարց ուղղեց դիմող կողմից ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին:
«Խնդրում եմ ասեք՝ 450 հազար թոշակառուների թոշակ վճարելը հանրային շահ է, թե՝ ոչ»,-հարցրեց նա: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ իհարկե, դա հանրային շահ է, բայց ոչ մի դեպքում չպետք է իրացվի մյուս քաղաքացիների իրավուքնների հաշվին:
«Իսկ ո՞ւմ պարտավորությունն է ապահովել այդ մարդկանց կենսաթոշակը»,-հարցրեց Հակոբյանը: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ քաղաքացիների բարեկեցիկ կյանքն ապահովելը պետության պարտավորությունն է:
«Բարեկեցիկ կյանք ասելով կյանքի ո՞ր ժամանակը նկատի ունեք»,-հարցրեց Հակոբ Հակոբյանը:
«Եթե խոսում ենք կենսաթոշակային համակարգի մասին, ապա պարզ է, որ կենսաթոշակային տարիքում»,-պատասխանեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ եթե հարցին փիլիսոփայորեն մոտենանք, ապա, բնականաբար, մարդն իր ամբողջ կյանքում պետք է բարեկեցիկ ապրի:
«Այս տարիների ընթացքում ամբողջ օրենսդրական փաթեթը փոխվեց, դուք մասնակցել եք բոլոր քննարկումներին: Եթե դեմ էիք, ինչո՞ւ մինչև հիմա ոչ մի օրենդրական նախագիծ չեք ներկայացրել, և ինչո՞ւ հանկարծ որոշվեց այս հարցով դիմել Սահմանադրական դատարան»,-հարցրեց Հակոբյանը:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ Հակոբ Հակոբյանը լավ է հիշում բոլոր քննարկումները և հիշեցրեց, որ Սահմանադրական դատարան են դիմել այն բանից հետո, երբ ԱԺ մեծամասնությունը մերժեց հարցը քննարկելու առաջարկը.
«Քաղաքական մեծամասնությունը պարզապես բոյկոտեց մեր առաջարկը, այդ թվում, ցավում եմ, բայց նաև Դուք և մենք ստիպված ենք այսօր այստեղ բերել մեր հակափաստարկները»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Հակոբ Հակոբյանը ևս մեկ հարց ուղղեց, որը դահլիճում աշխուժություն առաջացրեց և բոլորը սկսեցին ծիծացել: Նա հարցրեց, թե այս տարիների ընթացքում փոփոխության ենթարկված մոտ 500 հոդվածներում կա՞ հոդված, որը սահմանադրական է:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ կարող են լինել հոդվածներ, որ խնդիր ունեն սահմանադրության հետ, բայց այսօր կոնկրետ կուտակայինի հարցով են իրենք Սահմանադրական դատարանում:
Նախորդող հրապարակումներ՝ Հակառակ կառավարության պնդումների. Ա. Մինասյանը ներկայացրեց սննկացած ֆոնդերը
Կուտակայինի հարցով ՍԴ նիստը մեկնարկել է
ՍԴ նիստը շարունակվում է. Դիմող կողմի հիմնական փաստարկները
ՍԴ-ում հանդես են գալիս դիմող կողմի զեկուցողները