29/03/2014 13:18
Մեդվեդև. Ճանապարհային քարտեզի կատարումը հաջողությամբ իրականացվում է
Երևանում ընթացող «Հայաստան-Մաքսային միություն. Հնարավորություններ և մարտահրավերներ» ՀՀԿ երկրորդ համաժողովի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղերձն ընթերցեց ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իգոր Չերնիշենկոն:
«Անցած սեպտեմբերին Հայաստանը կարևոր որոշում կայացրեց` հայտարարելով Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին և այդպիսով դառնալ միասնական տնտեսական տարածքի մաս: Հայկական մեր գործընկերների որոշմանը սատարել են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բերալուսը, և այսօր մենք հաճույքով փաստում ենք, որ ճանապարհային քարտեզի կատարումն հաջողությամբ իրականացվում է, իսկ որոշ հարցերով անգամ առաջանցիկ տեմպերով»:
Գլոբալիզացիայի պայմաններում ամբողջ աշխարհում դիտվում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների միտում, շարունակեց ընթերցել ՌԴ վարչապետի ուղերձը բանախոսը, և դա առաջնահերթ կապված է ազգային տնտեսությունների էֆեկտիվության և դիմադրողականության բարձրացման հետ.
«Նոր այս ինտեգրացիոն ֆորմատում աշխատանքը արդեն բերում է կոնկրետ դիվիդենտներ Մաքսային միության անդամ-պետություններին: Վստահ եմ, որ մեր համատեղ քայլերը ինտեգրացիայի ճանապարհին արդյունավետ ազդեցություն կունենան նաև ռուս-հայկական բարեկամական հարաբերությունների խորացման վրա և կնպաստեն երկկողմ համագործակցության զարգացմանը առևտրային, տնտեսական և մշակութային ոլորտներում»,- ավարտեց Դմիտրի Մեդվեդևի ուղերձը Ի.Չերնիշենկոն:
Նախորդող հրապարակում՝ «ՀՀԿ տնտեսական համաժողովը ընթանում է ՄՄ-ին անդամակցության կարևոր փուլում»