29/03/2014 13:10
«ՀՀԿ տնտեսական համաժողովը ընթանում է ՄՄ-ին անդամակցության կարևոր փուլում»
Ինչպես հայտնել էինք, մեկնարկել է ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը, որին ներկա են բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից և ՌԴ-ից: Նախքան քննարկմանն անցնելը ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանն ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին, որում Նախագահը կարևորել էր նման միջոցառման անցկացումը.
«Ակնհայտ է, որ ինտեգրման գորրծընթացի ճանապարհին ի հայտ են գալիս մարտահրավերներ, որոնց հաղթահարումը մեծապես պայմանավորված է համատեղ աշխատանքի արդյունավետությամբ և փոխըմբռնման բարձր մակարդակով: Համաժողովը տեղի է ունենում Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու գործընթացի կարևոր փուլում: Այսօր առկա է անդամակցության ճանապարհային քարտեզ, որից բխող քայլերն իրականացման ընթացքում են: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՌԴ, Ղազախստանի և Բելարուսի համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցությունը մեզ թույլ է տալիս առաջընթաց արձանագրել այդ ճանապարհին և այդ կառուցողական համագործակցության շնորհիվ ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված են, իսկ մնացյալներն իրականացման ընթացքում են»,- ասված էր Նախագահի ուղերձում:
ՀՀ Նախագահի ուղերձում նշված էր նաև, որ հաջորդ քայլը միջազգային իրավական փաստաթղթի ստորագրումն է, որը կարձանագրի մեր երկրի անմիջական մասնակցությունը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել նաև, որ այսօրվա համաժողովը առիթ կդառնա համակողմանիորեն դիտարկելու առկա բոլոր հնարավորություններն ու մարտահրավերները, իմի բերելու բոլոր տնտեսական շահերն ու փաստարկները` իրապես նպաստելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի սահուն իրականացմանը: