31/03/2014 13:37
«Դեմ եմ»-ի անդամ. Ուզում եմ բարձր դատարանից լսել իրավաչափ գնահատական
Հիմա ես նախ ուզում եմ հավատալ, որ մեր երկրի բարձր դատարանը կտա իր իրավական գնահատականը կուտակայինի մասին օրենքին: Այս մասին «Ազատություն» ռ/կ եթերում ասաց «Դեմ եմ» շարժման ակտիվիստ Դավիթ Մանուկյանը.
«Եթե դատարանը կայացնի որոշում, որ օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է, դրանից հետո կարիք կլինի նոր օրենքի մշակման և այս դեպքում, կարծում եմ, այս փորձը պետք է դաս լինի: Պետք է լինեն հանրային քննարկումներ ու այստեղ միայն «Դեմ եմ»-ը չի կարող հանրության կարծիք ներկայացնել»,- ասաց Դավիթ Մանուկյանը՝ ընդգծելով.
«Սա, էլի եմ ասում, հետագային խնդիր է: Հիմա ինձ համար, որպես քաղաքացի, կարևոր է նախ իմ երկրի բարձր դատարանից լսել իրավաչափ գնահատական»,- ասաց Դավիթը:
«Դեմ եմ»-ի անդամի խոսքով՝ Սահմանադրական դատարանն այս իրավիճակում չի կարող խնդրին լուծում տալ և, իհարկե, չի կարող կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ նոր օրենք մշակել.
«Դա արդեն կառավարության ու ԱԺ-ի գործն է: Իսկ դատարանը պետք է ոչ թե լուծում տա այս հարցին, այլ՝ գնահատական»,- ասաց Դավիթ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանում շարունակվում է կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի սահմանադրականության քննությունը:
Նախորդող հրապարակումներ՝ ԿԲ-ն պատասխանում է ՍԴ հարցերին. Ի վերջո, Չիլիի մոդելից ի՞նչն է վերցրել ՀՀ-ն
ՍԴ-ում շարունակվում է կուտակայինի սահմանադրականության հարցի քննությունը