31/03/2014 13:11
ՍԴ անդամը՝ նախարարին. Դու 40 տարի առաջ ինձ ասում ես՝ «չէ»
Պարտադիր կուտակային վճարը հարկ չէ, դա ուշացած աշխատավարձ է: Այս մասին այսօր ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի սահմանադրականության հայցի քննության ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: ՍԴ նախագահը նրանից հետաքրքրվել էր՝ նվազագույն աշխատավարձ ստացողը ինքը պետք է վճարի պարտադիր կուտակայինի վճարները, թե՞ գործատուն: Արտեմ Ասատրյանի այս պատասխանից ու դիտարկումից, թե նվազագույն աշխատավարձը զերծ է հարկերից, բայց պարտադիր կուտակային վճարը հարկ չէ պատասխանից հետո, ՍԴ նախագահն ասաց, որ իր համար արդեն պարզ է, որ կառավարությունն այսօր օրենսդրական այդ լուծումն արել է այնպես, որ պարտադիր կուտակայինի դեպքում պետք է վճարումներ անի նաև նվազագույն աշխատավարձ ստացողը։
ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը նախարարից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են 40 տարով «պարտադիրը» կիրառում, թող վերջին 10-15 տարվա ընթացքում կիրառվի: Նա նաև հավելեց, որ միգուցե տոկոսների հարցն այլ կերպ լիներ, տարբեր տոկոսներ սահմանվեին: Թոխյանը նաև օրենքի կիրառումը հետաձգելու հնարավորություններին անդրադարձավ:
«Այս համակարգով երկրի սոցիալական պաշտպանության համակարգ է ստեղծվում: Ես կարծում եմ, որ մենք արդեն ուշացրել ենք սա և նորից հետաձգելը ավելի ծանր հետևանքների կբերի: Մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ առնվազն 20-25 տարի 10 տոկոս վճարներ պետք է արվեն, որ բարեփոխումը կատարվի, այլ դեպքում համակարգը չի աշխատի և իր ֆունկցիան չի կատարի, եթե մենք նպատակից ենք ելնում, լուծումները շատ սահմանափակ են»,- ՍԴ անդամին պատասխանեց Արտեմ Ասատրյանը:
«Կենսաթոշակը քաղաքացու իրավո՞ւնքն է»,- հարցերց Թոխյանը,- «Ես կարո՞ղ եմ հրաժարվել այդ իրավունքից»:
«Կարող եք, այո»,-պատասխանեց նախարարը:
«Բարի, ես որոշում եմ իմ կենսաթոշակ ստանալու իրավունքն իրագործել շատ ավելի ուշ, քան որոշել է պետությունը, բայց դու 40 տարի առաջ ինձ ասում ես՝ «չէ», դու պիտի ստանաս: Դու ասում ես՝ մուծի, 40 տարի հետո նոր կարող ես հրաժարվել»,- իր դիտարկումն արեց ՍԴ անդամը, որին նախարարը պատասխանեց հետևյալ կերպ.
«Քաղաքացիները ունեն իրավունքներ և պարտականություններ, պետությունն ունի պարտականություններ նրանց հանդեպ, որոնք իրագործելու համար գործիքներ է ստեղծում: Տվյալ դեպքում մենք գործ ունենք կենսաթոշակային ապահովագրության հետ, որի մեխանիզմներն այն են, ինչ շարադրված են օրենքում»:
Նախորդող հրապարակում` Երիցյանը՝ Մինասյանին. Դուք թյուրիմացության մեջ եք գցում. Սննկացած ֆոնդ չկա
ԿԲ-ն պատասխանում է ՍԴ հարցերին. Ի վերջո, Չիլիի մոդելից ի՞նչն է վերցրել ՀՀ-ն
ՍԴ-ում շարունակվում է կուտակայինի սահմանադրականության հարցի քննությունը