02/04/2014 12:47
Արծվիկ Մինասյան. Մարդիկ պահանջելու են վճարների հետվերադարձ
Երբ որոշումն ամբողջությամբ ստանանք, ուսումնասիրենք, նոր եզրակացություն կտանք: Սահմանադրությանը հակասող, անվավեր ճանաչելուն զուգահեռ՝ ՍԴ-ն գործադրեց դրանք որոշակի ժամանակ հետո, այսպես ասած, ուժը կորցրած ճանաչելու ինստիտուտը: Ինչը որոշակի խնդիրներ կարող է առաջացնել: Այս մասին ՍԴ վճռի հրապարակումից հետո ասաց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Եկեք չշտապենք: Կարևորն այն է, որ հստակ է՝ սահմանադրությանը հակասող նորմերի մեր ներկայացրած փաստարկները ճիշտ էին:
Շնորհակալութուն բարձր դատարանին, որ ընդունեց դա և իր բարձունքի վրա է: Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, այդ թվում` այս պահի դրությամբ կատարված վճարներին, ապա դրանք` որպես հայեցողական լիազորություններ թողնելու, մարդկանց և գործատուների իրավունքները վերականգնելու առումով, կստանանք վերջնական որոշման տեքստը, որի հիման վրա նաև չեմ բացառում, որ դատական հայցերի նոր փուլ կսկսվի՝ քաղաքացիների, աշխատակիցների, գործատուների կողմից:
Ըստ էության՝ մեր ներկայացրած բոլոր կետերին անդրադարձ եղավ և քանի որ հիմնական մեխը դրված էր պարտադիր բաղադրիչն այն տեսքով ինչ տեսքով, որ պարտադրվում է այսօր, բավարարել է ՍԴ-ն: Զուտ իրավական տեսակետից ՍԴ-ն մի կարևոր նորմ ամրագրեց. մարդկանց իրավունքները սահմանափակելը հակասահմանդրական է: Նշանակում է՝ բոլոր նրանք, ովքեր պարտադրված են այդ գործողությունը կատարել, այս նորմի հիման վրա պահանջելու են վճարների հետվերադարձ, կամ սեփական հայեցողության դրսևորում: Դատարանի վերջնական որոշման հիման վրա նաև մեր ռազմավարությունը կհրապարակենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
ԱԺ պատգամավորը նաև շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին՝ ընդվզող երիտասարդներին, տարեցներին, բոլոր նրանց, ովքեր մասնագիտական օժանդակություն են ցուցաբերել պատգամավորներին՝ հայցը ներկայացնելու համար:
Նշենք, որ ՍԴ-ն այսօր հակասահմանադրական ճանաչեց կուտակային կենսաթոշակային օրենքի դրույթները:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը: Այս օրենքով ՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:
Նախորդ տարվա նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նիստը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:
Մինչ այդ նրանք դիմել էին ՍԴ՝ վիճարկելով օրենքի այլ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի սահմանադրականությունը։ Նախաձեռնությունը և 4 ուժերը նաև միջնորդություն էին ներկայացրել՝ մինչև այդ հարցի քննումը կասեցնել օրենքի պարտադիր դրույթի կիրառումը։
Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Նախորդող հրապարակում՝ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակային կենսաթոշակային օրենքի դրույթները