02/04/2014 17:43
Արծվիկ Մինասյան. Որևէ մեկը պարտավոր չէ պարտադիր վճարներ կատարել ֆոնդին
Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանել է, որ մարդու կամքից անկախ չեն կարող նրա աշխատավարձի տնօրինման սահմանափակումներ տրվել, սա մտել է ուժի մեջ և այս պահից է գործում, մարդու իրավունքները բարձրագույն, գերակա արժեք են և այս պահից են գործում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթները, մասնավորապես՝ պարտադիր կուտակային բաղադրիչի մասով:
Իրավապաշտպան Մերի Խաչատրյանի խոսքով՝ քաղաքացիները պետք է տեր կանգնեն իրենց իրավունքներին և առաջնորդվեն ՍԴ իրավական դիրքորոշումներով:
«Սահմանադրությամբ ամրագրված է, որ Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն, պետք է թույլ չտալ, որ գործատուները փոխանցումներ կատարեն առանց մարդկանց կամքի: Այս որոշումը պետք է յուրաքանչյուր ոք որպես զենք վերցնի և անհրաժեշտության դեպքում դիմի դատարան»,-ասաց նա:
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ուզում է շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր օգնել են իրենց դատարանում պատշաճ հանդես գալ, մյուս կողմը հակափաստարկներ չի ներկայացրել, նաև գոհունակությամբ արձանագրեց, որ իշխանության առանձին ներկայացուցիչները ինչքան էլ փորձում էին ճնշում գործադրել ՍԴ-ի նկատմամբ, սա էական դեր չխաղաց և ՀՀ Նախագահը իր լիազորությունները չգործադրեց և ճնշում չգործադրեց ՍԴ-ի վրա:
«Մենք թշնամի չունենք այս պայքարում, ուզում ենք, որ սա ընկալվի պետության, պետականության հաջողություն, սա առանձին մարդկանց հաղթանակ չէ: Հիմնական խնդիրն այն է, որ ՍԴ-ն օրենքով նախատեսված կարգով այս նորմերի գործող ժամկետը համարվել է մինչև սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով ՀՀ կառավարությանն ու ԱԺ-ին կենսաթոշակների մասին օրենքի և այլ օրենքների իրավակարգավորումները համապատասխանեցնելու ՀՀ Սահմանադարությանը: Երկարացման ժամկետը նպատակ ունի համապատասախանեցնել, այլ ոչ թե պարտադիր նորմերը կիրառել»,-ասաց նա:
Ա. Մինասյանի խոսքով՝ եթե Կառավարությունը փորձի նեղ առումով մեկնաբանել այս որոշումը, ապա իրենք շատ ավելի հստակ պահանջներ կներկայացնենք թե՛ Կառավարությանը, թե՛ Ազգային ժողովին:
«Իրավական դիրքորոշումների մեջ հստակ տրված է, որ սեփականության իրավունքի ոտնահարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի որևէ մեկը չենթարկվի դրան: Կոչով ուզում ենք դիմել գործատուներին և աշխատակիցներին՝ եթե չեք ցանկանում, որ ձեր աշխատավարձերը որևէ ֆոնդ գնան, դուք դա պարտավոր չեք անել, գործատուները իրավունք ունեն հետ վերադարձնել աշխատակիցների պահած գումարները, իսկ քաղաքացիների պահանջով գումարը չվերադարձնելը կարող է առաջացնել տույժեր և տուգանքներ»,-ասաց Ա. Մինասյանը:
Նրա խոսքով՝ Կառավարությունը և օրենսդիր մարմինը պետք է շահագրգռված լինեն կատարել ՍԴ-ի որոշումը: «Դրա համար ես և մեր գործընկերները ամեն ինչ պետք է փորձենք անել, որ ոչ թե սպասենք մինչև սեպտեմբերի 30-ը, այլև օր առաջ այդ բարեփոխումները դրվեն սեղանին՝ բացառելով որևէ հակասահմանադրական մոտեցում այս հարցում»,-ասաց նա:
Նա նշեց, որ Կառավարությունը պետք է համապատասխան տեխնիկական փոփոխություններ կատարի գումարի գանձման համակարգում, որովհետև ՍԴ որոշման համաձայն՝ տեխնիկական խնդիրը չի կարող Սահմանադրական իրավունքի ոտնահարման հիմք հանդիսանալ:
«Այն գումարները, որոնք փոխանցված են, պետք է վերադարձվեն, նաև այն գումարները, որոնք գտնվում են գործատուների մոտ, ևս պետք է վերադարձվեն»,-ասաց նա:
Մ. Խաչատրյանը նշեց, որ պետական մարմինները պետք է ապաակտիվանեն հակասահմանադրական դրույթները, դա պարտադիր գործառույթ է:
«Մենք չենք ուզում այս հաջողությունը դիտարկել թշնամական հարթության մեջ, սա մեր պետության հաջողություն է, եթե կառավարությունը շարունակելու է պնդաճակատ կերպով պնդել այն, մենք համարժեք պատասխան կտանք: ՍԴ-ում վերահաստատվել է մարդու իրավունքի արժեքը և չպետք է ոտնձգություն արվի դրա նկատմամբ: Բոլորը պարտավոր են կատարել ՍԴ-ի որոշումը: Պետական և հանրային սեկտորի աշխատողներից պահված գումարները պետք է հետ վերադարձվեն»,-ասաց Ա. Մինասյանը:
Մ. Խաչատրյանը նաև նշեց, որ հինգշաբթի օր ՀՀ կառավարությունը իր օրակարգում քննարկման պետք է դնի այս որոշումը:
Նախորդող հրապարակում՝ Կառավարությունը՝ ՍԴ որոշման մասին. Մենք առաջ ենք տանելու այս բարեփոխումը
Արտակ Զեյնալյան. Վճարված գումարները պետք է վերադարձվեն մարդկանց
ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակային կենսաթոշակային օրենքի դրույթները