02/04/2014 12:28
ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակային կենսաթոշակային օրենքի դրույթները
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթները:
Որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Հրապարակելով որոշումը՝ նա մեջբերեց այն, որ այս օրենքով նվազագույն աշխատավարձի դեպքում հաշվի չեն առնվել կենսաապահովման նվազագույն զամբյուղի պահանջները և յուրաքանչյուր ոք իրավունք ունի վարձատրվել նվազագույն աշխատավարձից ոչ պակաս:
«Օրենքի 49-րդ հոդվածից բխում է, որ ֆոնդերի կառավարիչների հետ չմտնելով օրենքով համարժեք պայմանավորվածության մեջ, պետությունը ստանձնում է նրանց հնարավոր ձախողման դեպքում գումարի վերադարձման 80%-ի պատասխանատվությունը, ինչ մեծացնում է ռիսկայնությունը: Եթե այդ վճարները սոցիալական վճարների տեսքով հանդես գային, փոխանցվեին պետբյուջեի հատուկ հաշվին և պետության պատասխանատվությամբ տրվեին տնօրինման, ապա այդ միջոցները կհայտնվեին ՀՀ ԱԺ ուղղակի վերահսկողության տակ, առարկայական կլիներ ՀՀ պետության պարտավորությունը և վստահությունը կմեծանար այդ համակարգի հանդեպ»,-ասաց նա:
«ՀՀ -ը ճանաչում և պաշտպանում է սեփականության իրավունքը, յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգտագործելու և տնօրինելու այն:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ մարդն ու նրա արժանապատվությունը բարձրագույն արժեքներ են, ինչը իրավական տեսանկյունից նշանակում է, որևէ այլ արժեք, անգամ պետական, չի կարող ավելի վեր դասվել, սրանից էլ բխում է այն նորմը, որ պետությունը սահմանափակված է մարդու հիմնական իրավունքներով:
Կենսաթոշակը սեփականության ձև է, սույն գործով օրենքի դրույթները պետք է քննվեն սեփականության իրավունքի ճանաչման հիմնախնդրի տեսանկյունից: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի տնօրինելու իր սեփականությունը, և սեփականատիրոջ կամքը պարտադիր պայման է այն իրացնելու հարցում»,-ասաց Գ. Հարությունյանը:
ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը չհապարակեց որոշման նկարագրական մասը՝ նշելով, որ որոշումը ծավալուն է և բաղկացած 64 էջից, նշելով, որ ուսումնասիրվել է ավելի քան 50 երկրների փորձը:
Գ. Հարությունյանը նշեց, որ 2006 թ. ՀՀ կառավարությունը ընդունել է կենսաթոշակային բարեփոխումների հայեցակարգը ընդունելու վերաբերյալ որոշումը, որտեղ հատուկ շեշտվել էր, որ մոտեցումները ներկայացվել են հասարակության լայն քննարկման արդյունքում, սակայն մեթոդաբանական անհստակություն է դրսևորվել:
Մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը վերջնաժամկետ է սահմանվել՝ հնարավորություն տալով ՀՀ ԱԺ-ին և Կառավարությանը համապատասխանեցնել օրենքը սույն որոշման պահանջներին, և նոր իրավակարգավորումներից ելնելով՝ վերահաշվարկի են ենթակա կուտակային բոլոր վճարները:
Ավելի վաղ դիմող կողմից զեկույցներով հանդես են եկել իրավապաշտպաններ Մերի Խաչատրյանն ու Արտակ Զեյնալյանը, իսկ որպես պատասխանող կողմ՝ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի կարգավորման մասնագետ Վիգեն Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը: Այս օրենքով ՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:
Նախորդ տարվա նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նիստը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:
Մինչ այդ նրանք դիմել էին ՍԴ՝ վիճարկելով օրենքի այլ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի սահմանադրականությունը։ Նախաձեռնությունը և 4 ուժերը նաև միջնորդություն էին ներկայացրել՝ մինչև այդ հարցի քննումը կասեցնել օրենքի պարտադիր դրույթի կիրառումը։
Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Նախորդող հրապարակում՝ ՍԴ նիստը շարունակվում է. Դիմող կողմի հիմնական փաստարկները
ՍԴ անդամը՝ Հակոբ Հակոբյանին. Դուք շփոթել եք ՍԴ-ն ԱԺ-ի հետ
Հակոբ Հակոբյանի հարցը Արծվիկ Մինասյանին զվարճացրեց ՍԴ նիստի մասնակիցներին