02/04/2014 12:40
Պռոշյանի գյուղապետի սպանությունից 1 տարի անց. Այստեղ պայքարելը իմաստ չունի
Անցյալ տարի այս օրը Պռոշյանի գյուղապետարանի շենքի մոտ հայտնաբերվել էր Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:
Արցախի ազատագրման մարտերին մասնակցած գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահվան պատճառը հրազենային վնասվածքն էր, նա աջ քունքի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք:
Դեպքից 1 տարի անց սպանությունը բացահայտված չէ:
Հ. Մուրադյանի եղբոր որդին՝ Հակոբ Մուրադյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր համար անսպասելի էր նախաքննական մարմնի նման աշխատանքը:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք քայլեր ձեռնարկել, նա պատասխանեց. «Այս երկրում պայքարելը իմաստ չունի»:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել էր քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանությունը` անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով:
Սպանության փաստով հարուցված քրեական գործով ձերբակալվեցին 1980 թ. ծնված Արտակ Պետրոսյանը և 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանը:
Օրեր անց ձերբակալված եղբայրներից Արտակ Պետրոսյանը ազատ արձակվեց արգելանքից, իսկ Արայիկ Պետրոսյանը կալանավորվեց:
2013 թ. դեկտեմբերի 25-ին ավելի քան 8 ամիս կալանքի տակ մնալուց հետո արգելանքից ազատ արձակվեց նաև Արայիկ Պետրոսյանը, սակայն նա շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում:
Այս գործով մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր մեղադրյալի նկատմամբ որևէ քննչական գործողություն այժմ էլ չի իրականացվում, և ինքը վերջերս ևս մեկ միջնորդություն է ներկայացրել՝ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու, սակայն պատասխան է ստացել, որ այդ միջնորդության քննությունը հետաձգվում է:
«Ես միջնորդության մեջ հիմնավորել էի իմ պահանջը նրանով, որ անգամ դատախազը խափանման միջոցը փոխելու որոշման մեջ գրել էր, որ Արայիկի խափանման միջոցը փոխվում է, քանի որ չկան նրան մեղադրելու բավարար հիմքեր, և քննիչն էլ փաստորեն, ոչ թե մերժում է, այլ հետաձգում միջնորդության քննությունը: Սա ինձ հույսեր առանձնապես չի տալիս, քանի որ եթե իրավական տեսանկյունից դիտարկեինք, Արայիկը պետք է ի սկզբանե չձերբակալվեր, սակայն այժմ ամեն ինչ հնարավոր է, անգամ այն, որ նորից որևէ մեկը որոշի նրան կալանավորել»,-ասաց նա:
Կալանքից ազատվելուց հետո Արայիկ Պետրոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ իր համար անհայտ է մնում՝ ինչու՞ են իրենց ձերբակալել այս գործով, սակայն ինքը երբեք չի կորցրել հավատը, որ իրեն մի օր ազատ կարձակեն:
«Մարդը, եթե կորցնում է հավատը, մեռնում է»,- ասաց նա:
Արայիկի խոսքով՝ գյուղապետի սպանության օրը եղել է տանը, հետո իրեն զանգել ու ասել են, որ Հրաչ Մուրադյանին են սպանել ու ինքը միանգամից գնացել է գյուղապետարան ու մինչև քննչական խմբի հեռանալը եղել է դեպքի վայրում:
«Բոլորն էլ գիտեին, որ ես նման բան անել չեմ կարող: Ես մի անգամ հանդիպել եմ միայն Հրաչ Մուրադյանի եղբորը, նա էլ գիտի, որ ես նման բան չեմ արել»,- ասել էր նա:
Ավելի վաղ Գ. Հովհաննիսյանը նշել էր, որ ի սկզբանե իր պաշտպանյալի դեմ ապացույցներ չեն եղել և այժմ էլ անհասկանալի է՝ ինչո՞ւ է նա շարունակում մնալ մեղադրյալի կարգավիճակում:
«Նա դեպքի պահին եղել է տանը, ապացուցվել է, որ ավտոմեքենայի համարանիշները չեն փոխվել, իսկ անտիմոնի առկայությունը չի կարող լինել կրակելու ապացույց և նման բազմաթիվ ապացույցներ կան, որոնք հաստատում են Արայիկի անմեղությունը: Ստացվում է, որ քննչական խումբը դեպքից 8 ամիս անց այդպես էլ չկարոցավ գտնել մեղավորին, ասես սպանությունը կատարվել է ապրիլի 2-ին, հիմա ապրիլի 3-ը լինի»,- ասել էր նա:
Նախորդող հրապարակում՝ Հակոբ Մուրադյան. Հրաչ Մուրադյանին սպանել են աթոռի համար
Պռոշյանցի եղբայրների հայր. Չի կարող լինել՝ անմեղ մարդուն սարքեն մարդասպան
Պռոշյանի գյուղապետի սպանության գործ. Ու՞մ դեմ պայքարենք, համակարգի՞