03/04/2014 10:57
Ա. Զեյնալյան. Պահում չի կարող արվել
Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանի` «Շանթ» հեռուստաընկերությանը տված նրա հարցազրույցը ես չեմ լսել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԴ դիմող կողմի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:
Նշենք, որ Ֆ. Թոխյանը երեկ «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր պահանջը չի վերացվել, թյուրիմացություն է այդպես մտածել, մինչև սեպտեմբերի 30-ը կուտակային վճարները պարտավոր են վճարել, դա միանշանակ է, իսկ հետո կվերադարձնեն այդ գումարները, թե ոչ, արդեն երկրորդ հարցն է:
«Հիմա իմ ձեռքի տակ է որոշման եզրափակիչ մասը, որի համաձայն՝ կասեցվել է օրենքի ուժի մեջ մտնելը, ըստ որի, այս հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող կիրառվել մարդու հայցեցողությունից անկախ, նրանց սեփականության սահմանափակում ենթադրող իրավատեքստում: Սա գործում է անմիջապես, մարդու կամքից անկախ չեն կարող 5 տոկոսը տանել, մարդու կամքը պետք է լինի, եթե նա չի ուզում, ոչ մեկ չի կարող գանձել գումարները»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք օրենքում բարեփոխումներ կատարելուց հետո կարո՞ղ են գումար գանձել մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածի համար, Ա. Զեյնալյանը պատասխանեց. «Մենք իրավական պետության բնակիչներ ենք արդեն ավելի քան 20 տարի: Իրավական պետության վիճակը վատթարացնող նորմերը հետադարձ ուժ չունեն մեր երկրում: Սեպտեմբերի 30-ից հետո, եթե այլ օրենքներ մտնեն ուժի մեջ, նրանք չեն կարող տարածվել մինչև սեպտեմբերի 30-ը տեղի ունեցող հարաբերությունների վրա»:
Հարցին՝ հետագա քայլերի վերաբերյալ արդեն կա՞ հստակություն, նա պատասխանեց. «Այս պրոցեսում ես հանդես էի գալիս որպես ՍԴ դիմող պատգամավորների ներկայացուցիչ, ես իմ առաքելությունը իրականացրել եմ, դրանից հետո ես այլևս լիազորություն չունեմ, չեմ կարող ասել՝ ի՞նչ կարող են անել, բայց ՍԴ որոշումից հետևում է, որ այս համակարգը լրջագույն փոփոխության է ենթակա, և կուտակային համակարգի ներդրման առումով ստանալիք կենսաթոշակը պետք է համարժեք լինի նրանց կուտակած գումարներին, այսինքն դա համակցված լինի սեփականության իրավունքների հետ»:
Ա. Զեյնալյանը, անդրադառնալով այն հայտարարությունների, որ գումար այնումամենայնիվ, պետք է գանձվի, ասաց. «ՍԴ-ն 64 էջանոց որոշման մեջ պատճառաբանել է, թե ինչու են դրանք հակասահմանադրական և դա ևս մեկ անգամ հաստատում է, որ ՍԴ որոշումը համոզիչ է, արդար է, դա պետք է ընդունել, այնպես, ինչպես որ մեզ պարտադրվում է ընդունել ՍԴ այն որոշումները, որոնցով օրինական են ճանաչվում ընտրության արդյունքները»:
Նախորդող հրապարակում` ՍԴ անդամ. ՍԴ-ն չի ասել՝ պարտադիրը հակասահմանադրական է (Տեսանյութ)
Արծվիկ Մինասյան. Որևէ մեկը պարտավոր չէ պարտադիր վճարներ կատարել ֆոնդին
Արտակ Զեյնալյան. Վճարված գումարները պետք է վերադարձվեն մարդկանց