03/04/2014 13:50
«Դեմ եմ» թիմի անդամներ. Վճարումներ մի՛ կատարեք, ձեզ փորձում են մոլորեցնել
Մինչև ՍԴ երեկվա որոշումը Կառավարությունն ասում էր, որ ծիծաղելի է ասել, թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչը հակասահմանադրական է: Հունվարի 24-ի որոշումն էլ նրանք փորձում էին մեկնաբանել այնպես, ինչպես հարմար է իրենց, հիմա էլ տեղի է ունենում նույն բանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմ եմ» թիմի անդամներից Հայկ Ավետիսյանը.
«Իհարկե, պետք չի կատարել ոչ մի վճարում, պետք չէ ընտրել ֆոնդ: ՍԴ-ն իր որոշմամբ կատարել է քայլ, որը շատ անորոշ է: Դատարանը չի կատարել իրավական որոշում, նրանց որոշումն ավելի շատ իրավա-քաղաքական էր: Նրանք, այսպես ասած, խնդրի լուծումը դրել են ԱԺ-ի ու Կառավարության վրա»,- ավելացրեց «Դեմ եմ»-ի մեկ այլ անդամ՝ Հարություն Աղլամազյանը:
«Դեմ եմ»-ի անդամներն ընդգծցին, որ իրենց թիմն այս օրենքի դեմ պայքարում է գլխավորապես ոչ թե այն պատճառով, որ օրենքը հակասահմանադրական է, այլ՝ քանի որ հակասոցիալական ու հակամարդկային է.
«Դա այդպես է և այս կամ այն ինստիտուտը չէ, որ պետք է դրա վերաբերյալ գնահատական տա»,- ընկերներին լրացրեց «Դեմ եմ»-ից Վահագն Ավագյանը:
«Մենք իրավաբանական գնահատական կտանք ՍԴ-ի որոշմանը հաջորդ ասուլիս ժամանակ, բայց քանի որ կան մեկնաբանություններ գործադիրի կողմից, մենք այսօր միայն պահանջում ենք, որ հանրությանը մոլորեցնող հայտարարություններ չկատարվեն: Պետք է նշել, որ ըստ որոշման՝ հակասահմանադրական կետերից մինչև սեպտեմբերի 30-ը ուժի մեջ պետք է մտնեն միայն 1-ից 5-րդ կետերը: Մինչդեռ 6-րդ կետը պետք է ուժի մեջ մտնի հենց որոշման ընթերցման պահից, իսկ այդ կետով նշվում է, որ ցանկացած իրավահարաբերություն, ամեն դեպքում, պետք է կիրառվի մարդկանց հայեցողությամբ: Այսինքն, եթե իրենք ցանկանում են, կարող են դիմում ներկայացնել ու ընտրել ֆոնդ, բայց իրենց ոչ մեկ պարտադրել չի կարող: Սա ընդամենը մեկ օրինակ»,- ասաց Վահագն Ավագյանը:
Հարություն Աղլամազյանն էլ՝ դիմելով հանրությանը կոչ արեց.
«Պետք չէ վճարել, ես դիմում եմ բոլորին: Հիմա հասարակությանը փորձում են մոլորեցնել ու դա անում են շատ բարձր մակարդակով: Սա, ուղղակի, խայտառակություն է: Մենք վստահ ենք, որ մեր վիճարկած կետերը հակասահմանադրական են ու վստահ ենք, որ ՍԴ-ն մեր օգտին է որոշում կայացրել»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ «Դեմ եմ» թիմը որոշման վերաբերյալ իրավական գնահատական կտա ավելի ուշ:
«Դեմ եմ»-ի երեք անդամներն էլ ընդգծեցին՝ չնայած հավատում են, որ ՍԴ-ն իրենց օգտին է որոշում կայացրել, բայց չեն դադարեցնելու պայքարը.
«Մենք շարունակելու ենք ու դիմելու ենք քաղաքցիական պայքարի բոլոր հնարավոր մեթոդներին»,- ասաց Հարություն Աղլամազյանը:
Նախորդող հրապաարկումներ՝ Դեմ եմ. Մեր շարժումը չի մարել, մենք մեր գործողությունները շարունակելու ենք
Իրավապաշտպան. Թոխյանն ու Հարությունյանը մանիպուլյացիա են արել
Վարչապետ. Կուտակային համակարգը ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 30-ը