21/04/2014 18:16
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ. Ոճրագործը պարտվել է
Մոտենում է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը, և մենք հերթական անգամ ականատես ենք լինում թուրքական կողմի «ջանքերին»` տարբեր ուղղություններով. Թուրքիայի կոչերը՝ Սպիտակ տան հայտարարության, իրենց համար «չարաբաստիկ» «Ցեղասպանություն» բառի արտասանության, «հարցը պատմաբաններին թողնելու», «առաջ նայելու», «խաղաղության մեջ ապրելու» մասին արդեն հասցրել են կոշտուկ առաջացնել հենց նման կոչերի հեղինակների մոտ ու, հիմնականում, աղերս են հիշեցնում: Իսկ գլխավորը պաշտպանական թեզը մնում է «այդպիսի բան չի եղել» արտահայտությունը:
1948 թ. դեկտեմբերի 9-ին, Հոլոքոստի հիշողության ազդեցության ներքո, Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, որի համաձայն՝ ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով.1. Խմբի անդամների սպանություն.2. Խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում. 3. Խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը. 4.Այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը. 5. Խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:
Թուրքական կողմը պնդում է, որ «այս ամենը» տեղի չի ունեցել: Իմ խորին համոզմամբ, ապացուցել որևէ մեկին, որ Եղեռնը տեղի է ունեցել, լիովին անիմաստ է: Պե՞տք է արդյոք դրա մասին շարունել «տեղեկացնել» կամ ավելի շուտ հիշեցնել տեղ-տեղ «խուլ» ձևացող միջազգային հանրությանը, միանշանակ հարկավոր է: Սակայն ապացուցել մի բան, որի մասին վկայում է մի ամբողջ ժողովրդի հայրենազրկում, մաքառում և ամենակարևորը՝ շուրջ մեկ ու կես մլն մարդկանց մահ, կարծում եմ, անիմաստ է: Ոչ թե հարկավոր չէ, այլ անիմաստ է: Ով կարողանում է տեսնել, շատ լավ, իսկ նրանք, ովքեր տառապում են մտավոր և ամենակարևորը` հոգևոր (վերջինի ամենավառ վկայությունը թերևս թուրքական վերնախավն է) «կուրությամբ», դե ինչ, Աստված նրանց դատավոր:
Միայն մեկ բան` 19-րդ դարի երկրորդ կեսին հենց թուրքական, այն ժամանակ դեռ Սուլթանական կառավարության կողմից Եվրոպացի գիտնականերին պատվիրված և արտոնած տարբեր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Օսմանյան Կայսրության կազմի մեջ մտնող պատմական Հայաստանի հողերում և կայսրության այլ հայաշատ բնակավայերում բնակվում էր 2,5-4 մլն հայ: Թուրքական «տեսակետի» համաձայն՝ «կազմակերպված տեղահանության ժամանակ ճանապարհի զրկանքներին և մոլոգնող հիվանդություններին զոհ է գնացել ոչ ավելի, քան 350000 հայ: Իսկ հիմա տրամաբանական հարց. եթե ներկայիս Թուրքիայում պաշտոնական տվյալներով բնակվում է 60000 հայ, ապա ո՞ւր է «կորել» մնացած հայությունը: «Կուրությամբ» չտառապողների համար պատասխանն ակնհայտ է: Ընդ որում` խոսքն այստեղ միայն 1.5 մլն նահատակների մասին չէ, այլև՝ հայրենազրկված մի ամբողջ ժողովրդի ներկայացուցիչների մասին:
Կարո՞ղ էինք մենք կանխել այս ոճիրը: Իմ խորին համոզմամբ, կանխել` ոչ, սակայն մեղմացնել հետևանքները` կարող էինք: Սակայն թե՛ թուրքահպատակ ողջ հայությունը և թե՛ ազգային վերանախավը պարզապես հրաժարվեցին հավատալ, որ այն երկիրը, որի օրինապաշտ քաղաքացիներ էին իրենք համարվում, և որի նոր երիտթուրքական կառավարության հետ մեծ հայսեր էին կապում, կարող է իրենց հետ նման կերպ վարվել: Շուրջ կես դար հետո հենց նույն հարցադրմանը չհավատացին նաև Հոլոքոստի զոհերը…
Ինչ վերաբերում է ոճրագործների մղումներին, ապա ես պարզապես վստահ եմ, որ նրանք վերջին հաշվով, պարտվել են: Նրանք չեն հասել իրենց գլխավոր նպատակին` թողնել ընդամենը մեկ հայ, այն էլ՝ թանգարանի համար: Հայ ժողովուրդը կա, ապրում է, իր պատմական հայրենիքի՝ դեռևս մի մասին վրա կերտված իր անկախ երկրում և իր պահանջատիրության տերն է:
Ի դեպ, Ցեղասպանություն իրականացրաց երկրի վերջնական պարտության մասին են վկայում նաև թուրքական կողմի վերոնշյալ «ջանքերը»: