16/05/2014 12:22
Արսեն Խոջոյանը հոգեբանական խնդիրներ ունի. Վերջին օրերին նա հիվանդանոցում էր
Ադրբեջանական գերությունից այս տարվա ապրիլի 10-ին վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանը վերջին 20 օրերին հոսպիտալացված էր Երևանի հիվանդանոցներից մեկում:
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան, պատմեց, որ արված հետազոտությունների արդյունքում նրա մոտ որևէ հիվանդության նշաններ չեն հայտնաբերվել.
«Խնդիրն ավելի շատ հոգեբանական է: Ինքը վախեցել է: Գիշերները տանը չի կարում քնի, անհանգիստ ա, էդ վախը դեռ իր մեջ է»,- ասաց տիկին Սվետլանան՝ ավելացնելով, որ այս օրերին հիվանդանոցում էր նաև իր անչափահաս աղջիկն, ով ունի ստամոքսային խնդիր.
«Հիմա այսօր Արսենին արդեն դուրս գրեցին: Աղջկաս հետազոտության արդյունքներին ենք սպասում, որ տեսնենք ինչ ենք անելու: Դե գյուղում էլ մյուս 5 երեխաներս մեզ են սպասում»,- ասաց Արսեն Խոջոյանի մայրը:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիաղբյուր գյուղից է: Նա ադրբեջանական կողմում էր հայտնվել տեղանքում չկողմնորոշվելու պատճառով՝ այս տարվա մարտի 7-ին:
Նախորդող հրապարակում՝ Խոջայանների նպաստը կվերականգնվի. Վարչապետի արձագանքը՝ Aysor-ի հրապարակմանը