19/05/2014 15:01
Հետմահու արդարացված զինծառայողի մայրը տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր մերժել է զինծառայող Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի հայցը՝ իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին:
Հ. Պետրոսյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց համար սպասելի էր նման որոշում, քանի որ ամեն ինչ արվում է այս գործը կոծկելու համար:
«Ես դեռևս չունեմ որոշումը, որ ասեմ, թե ինչքանով էր այն հիմնավորված, սակայն մենք ի սկզբանե մեծ ակնկալիքներ չունեինք: Բողոքարկելու ենք այս որոշումը և անհրաժեշտության դեպքում հասնելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2011 թ. օգոստոսի 3-ին Հայկ Մովսիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ լինելով զինծառայող, սափրվելու սայրով վնասվածքներ է հասցրել իրեն ձախ նախաբազկի շրջանին, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
2012 թ. նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հ. Մովսիսյանին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման:
Նոյեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Հայկ Մովսիսյանին ԼՂՀ քննչական մեկուսարանի խցում մահացած են գտել:
2013 թ. ապրիլի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը հետմահու անմեղ ճանաչեց և հանցակազմի բացակայության հիմքով արդարացրել է զինծառայող, շարքային, 1993 թ. ծնված Հրազդանի բնակիչ Հայկ Մովսիսյանին:
Վերաքննիչ դատարանը փաստել է, որ գործում առկա են այնպիսի փաստական տվյալներ, որոնք վկայում են Հայկ Մովսիսյանի արարքում հանցակազմի բացակայության մասին, ինչն անտեսվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:
Այսպես. ՀՀ ՊՆ Կենտրոնական Ռազմաբժշկական Հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 2-ի թիվ 1445 որոշման համաձայն. Հայկ Արտավազդի Մովսիսյանը «Օրգանական փսիխոպաթոնման խանգարում, դեզադապտթացիոն դեկոմենսացիա` սուիցիդի փորձով» ախտորոշմամբ, պիտանի չէ զինծառայության խաղաղ ժամանակ, սակայն վարույթն իրականացնող մարմինը, այնպես էլ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը, անտեսել են այդ հանգամանքը և վերջինիս նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը չի դադարեցվել:
Հայկի մայրը` Հեղինե Պետրոսյանը որդու մահվանից հետո շարունակում է պայքարը` պնդելով, որ իրեն ճանաչեն Հայկ Մովսիսյանի իրավահաջորդ, քանի որ իր որդին ինքնասպան չի եղել:
Նախորդող հրապարակում՝ Օրենքի զոհերը. Հետմահու արդարացված զինծառայողը