21/05/2014 19:55
Թուրքիան նախատեսում է 50 մլն դոլար տրամադրել՝ Ղրիմի ճգնաժամի համար
Թուրքիայի պաշտոնական տվյալների համաձայն` Ղրիմի Ինքնավար Հանրապետության ու Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալը 2012 թ. կազմել է շուրջ 90 մլն դոլար, իսկ թուրքական ներդրումները 2012 թ. մարտի դրությամբ կազմել են ընդամնեը 7 մլն դոլար: Այս ցուցանիշները տնտեսական ոլորտում ցույց են տալիս Թուրքիայի բավական թույլ ներգրավվածությունը Ղրիմի տնտեսական ոլորտում: Սրանք մեծ ցուցանիշներ չեն: Համեմատության համար նշենք, որ 2010 թ. դրությամբ, օրինակ, Աջարիայում թուրքական ներդրումները հասել են մոտ 500 մլն դոլարի:
2014 թ. համար նախատեսված է եղել թուրքական ներդրումների փաթեթ` մոտ 50 մլն դոլար արժողությամբ, ինչը կասեցվել է Ղրիմի ճգնաժամի պատճառով: Տնտեսական ոլորտում Թուրքիայի ներկայությունը Ղրիմում սահմանափակ է: Մինչդեռ Թուրքիայի կողմից բավական ակտիվ է եղել Ղրիմի թաթարաբնակ շրջաններում հումանիտար-սոցիալական ոլորտում ներդրումները, որոնք իրականացվել են կառավարական ծրագրերով: Այդ հարցում, ինչպես հետխորհրդային թյուրքալեզու երկրներում, բավական, ակտիվ է եղել Թուրքիայի կառավարության հովանու ներքո գործող Թյուրքական համագործակցության ու համակարգման գործակալությունը (TIKA), որի մշտական գրասենյակը Ղրիմում գործել է 1995 թ-ից:
1995-2013 թթ. ընթացքում ТIKA-ի կողմից Ուկրաինայում իրականացվել է 171 տարաբնույթ ծրագիր` սոցիալական, կրթական, մշակութային ոլորտներում, որոնց գերակշիռ մասը բաժին է ընկել Ղրիմին և հատկապես թաթարներով բնակեցված շրջաններին: Թուրքիայի համար ողջ 90-ականներից սկսած կարևոր է եղել Ղրիմի թաթարների շրջանում մշակութային-կրթական ծրագրերի իրականացումը, ինքնության պահպանումը, և այդ հարցում Թուրքիան հաջողություններ գրանցել է: Այս գործակալության ֆինանսական միջոցներով ու ներդրումներով իրականացվել են թաթարաբնակ գյուղական համայնքների զարգացման սոցիալական տարբեր ծրագրեր: Իրականացված նախագծերը գերակշռել են հատկապես կրթական-մշակութային ոլորտներում` թաթարական ինքնության ու մշակույթի զարգացմանը նպաստելու նպատակով: Միայն մշակութային ոլորտում իրականացված նախագծերը հասնում են 100-ի:
Թուրքական անհատույց ներդրումներով նախաձեռնվել է Սիմֆերոպոլում մզկիթի կառուցումը: 2006 թ. թուրքական գործակալության կողմից առաջադրվեց թաթարական դպրոցների զարգացման համալիր մի ծրագիր, որի շրջանակներում թաթարերենի դասավանդումը կազմակերպող 8 «ազգային դպրոցներ» են վերանորոգվել ու նոր շենքեր կառուցվել: Միայն TIKA-ի միջոցներից 1997 թ. ի վեր կրթական ոլորտի զարգացմանն ուղղվել է շուրջ 5 մլն դոլար: