13/06/2014 17:28
Ա. Հովհաննիսյան. 8-ամյա Էրիկի բուժման գումարը փոխանցվել է սխալ հաշվեհամարի
Դերասան Արտավազդ Հովհաննիսյանը չի հերքում, որ գումարը դեռևս չի փոխանցվել գլխուղեղի չարորակ ուռուցք ունեցող 8-ամյա Էրիկի հորը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ այժմ գտնվում է Ռուսաստանում՝ անձնական հարցերով, սակայն 2 օրից վերադառնալու է և պարզաբանելու իր անվան վերաբերյալ տարածված ինֆորմացիան:
«Սխալ տեղեկատվություն է տարածվել: Ինչ-որ գրված է, ուղղակի թյուրիմացություն է տեղի ունեցել ու շուտով նույն լրագրողը պարզաբանում կգրի: Գումարը փոխանցվել է, ուղղակի ոչ ճիշտ հաշվեհամարի վրա: Ես երկու օրից Հայաստանում կլինեմ ու բոլոր կատարած փոխանցումների թղթերը կտամ լրագրողներին: Ու Ճշգրիտ ժամանակը նշված է թղթերի վրա՝ երբ է փոխանցումը կատարվել: Ուղղակի այդ փոխանցումները սխալ հաշվեհամարի վրա է արվել, որը նույնիսկ գոյություն չի ունեցել և հետո գումարը մեր հաշվեհամարի վրա է հետ եկել: Ուղղակի քանի որ ես հիմա Երևանում չեմ, չեմ կարող գործարք անել, իսկ գումարը երեխայի հորից վերցրել ենք, քանի որ ամեն ինչ թղթերով պետք է ցույց տանք»,-ասաց նա:
Ա. Հովհաննիսյանը նաև նշեց, որ խոսքը 180 հազար դրամի մասին է, և դա այն գումարը չէ, որի համար կարելի է իր «անունը գետնով տալ»:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում նշում էր.
«Սրանից մի քանի ամիս առաջ, երբ Կարեն Մկրտչյանի գումարն արդեն ամբողջովին հավաքվել էր, թե հավաքվելու վրա էր, Վանաձորում բարեգործական համերգ էր կազմակերպվել ու ապրի Կարենը, քանի որ իրեն էդ գումարը էլ պետք չէր, հենց համերգի վերջում տեղադրված էկարնին սկայպով միացրել էին իրեն ու նա հայտարարել էր, որ հավաքագրված գումարը փոխանցեն գլխուղեղի չարորակ ուռուցք ունեցող 8-ամյա Էրիկին, ով հիմա Մոսկվայում է բուժում անցնում: Էդ առնչությամբ կանչում են Էրիկի հորը ու խնդրում են, որ ուռուցք ու դրանից բխող ցավեր ունեցող երեխային վերցնի ու գա համերգին, որը նկարահանվում էր հետո էլ լուսաբանվեց: Սակայն, համերգի կազմակերպիչներից ա լինում, թե ինքնուրույն «նախաձեռնությունն» իր ձեռքը վերցրած ա լինում, բայց սույն անհատը վաղօրոք զգուշացնում ա Էրիկի հորը, որ իրեն բեմի վրա գումարով ծրար կտամ, բայց թող ինքը վերադարձնի, համերգից հետո իրեն բանկային փոխանցումով ավելի մեծ գումար կփոխանցեն… Այդպես էլ անում ա հերը, ծրարը հետ ա տալիս, բայց օրեր են անցնում, իսկ փոխանցումը չի գալիս, ոչ էլ առձեռն է գալիս:
Գալիս է Մոսկվա մեկնելու պահերը ու ինքնաթիռի հարցերը լուծելու պահը: Այդ ժամանակ դեռ սույն պարոնը՝ Արտավազդ-Արիկը, նոն ստոպ էսօր-էքուց անելուց ա լինում ու երբ իրեն պարզ ասում են, որ ինքնաթիռի տոմսերի հարց կա, եթե չի լինում՝ ասա, որ իմանանք, թե որտեղից ենք փող ճարում, իսկ եթե լինում է, ապա իմանանք՝ վիրահատության փողից վերցնենք… էս էլ թե բա հա՜, խնդիր չկա, վաղը/չորեքշաբթի/ուրբաթ/երկուշաբթի կփոխանցեմ… Բնականաբար, չի փոխանցում ու բնականաբար ֆինանսական խնդիրներ են առաջանում ու եթե չլինեին Մոսկվայի բարի մարդիկ, ովքեր պատրաստակամություն են դրսևորում ու լուծում են այնպիսի հարցեր, որոնք մինիմիզացնելով նախատեսված ծախսերը (ուտելիք, բնակվելու տեղ և այլն) թույլ տվեցին մոտ 1000 դոլար կազմող այդ պակասորդը տնտեսել:
Արդյունքում, երեխային այնուամենայնիվ բարեհաջող վիրահատեցին ու թեև նա դեռ չի բուժվել ու թանկարժեք քիմիոթերապիա է պետք, բայց գոնե բուն ուռուցքը անդառնալի հետևանքների չբերեց.. առայժմ… »