03/07/2014 14:20
Ա. Աշոտյան. Մանկավարժականը դադարել է լինել զուտ մանկավարժական համալսարան
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակալավր և մագիստրատուրա գերազանց ավարտած ուսանողներին դիպլոմներ հանձնեց անձամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրագրողների հետ զրույցում համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ասաց, որ Մանկավարժական համալսարանում որոշակի հաջողություններ կան և իրենք ամեն ինչ անում են, որ իրենց կոչումը պահեն:
Նա որպես ձեռքբերում առանձնացրեց շրջանավորտների հետագա ճակատագրով զբաղվող կառույցի ստեղծումը: Ռ. Միրզախանյանի խոսքով` ամեն ինչ արվում է, որ Կարիերայի կենտրոնի ինստիտուտը չլինի ձևական:
«Մի քիչ հակասական իրավիճակ է, մի կողմից գործատուները ցանկանում են ունենալ որակյալ մասնագետներ, մյուս կողմից հայտնի է իրավիճակը` մասնագետների գործազրկության հարցում: Կարծես թե, այսօր կապն այնքան բարեհաջող չէ: Աշխատում ենք այդ ուղղությամբ, որոշ արդյունքներ կան, իսկ անելիքները շատ են»,- ասաց նա:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ մանկավարժի դերը պատմական է:
«Այո, նա ամենաբարձր վարձատրվող աշխատողը չէ Հայաստանում, այո, դա դժվար աշխատանք է, որովհետև մանկավարժը նաև հասարակության անդամ է, և պետք է դպրոց մտնելիս շեմին թողնի իր անձնական, սոցիալական խնդիրները: Ուսուցիչների նկատմամբ այն պաշտամունքային վերաբերմունքը, որ ունեինք տարիներ առաջ, մի քիչ խարխլվել է, այն հանրային ընկալումն ուսուցիչների նկատմամբ հեռու է ցանկալիից»,- ասաց նախարարը` հավելելով, որ գլուխ է խոնարհում այն հազարավորներ մանկավարժների առաջ, ովքեր իրենց գործը փառքով և պատվով անում են:
«Մանկավարժական համալսարանը վերջին տարիներին տրանսֆորմացվում է: Բավական ժամանակակից կրթական ծրագրեր է իրականացնում, վերանայում է կրթության բովանդակությունը, հետաքրքիր է դարձել կրթական պրոցեսն ու ժամանակակից է դարձել այն գիտելիքն ու հմտությունը, որ տրվում է այստեղի շրջանավարտներին»,- ընդգծեց նախարարը:
Արմեն Աշոտյանի բնորոշմամբ՝ ամենամիջազգայնացված բուհերից մեկն է Մանկավարժականը և վաղուց դադարել է լինել զուտ մանկավարժական համալսարան, այն ավելի շատ, նախարարի խոսքով, հասարակական, սոցիալ-հումանիտար գիտություններով է ճյուղավորվում, ինչը բնական է: