28/07/2014 10:00
Չինարիում հակառակորդի կրակից կոտրվել է Կարմիր խաչի մեքենայի կողային հայելին
Այսօր առավոտյան ստացածս առաջին զանգը սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանից էր:
«Հո շատ շուտ չեմ զանգե՞լ: Թե չէ մեր ցերեկն ու գիշերն արդեն խառնվել են»,- ասաց գյուղապետը` բացատրելով, որ մի քիչ առաջ է գյուղի արտերից տուն մտել:
«Ամբողջ գիշերն արտն էինք հնձում: Հիմա ուրիշ հնար չկա` հենց այնտեղ ցերեկով մի բան ես անում` կրակում են»,- ասաց Չինարիի գյուղապետը:
Հակառակորդի վերջին ակտիվացումները Տավուշի ուղղությամբ շատերն են պայմանավորում հենց բերքահավաքի շրջանով: Ինչպես բազմիցս նշել են տեղի գյուղապետերը, «թուրքի ուզածը մի բան է, որ ժողովուրդն իր բերքը չհավաքի ու այստեղ ապրելու հնարավորթյուն չունենա»:
«Բայց մենք միշտ էլ լուծումը գտել ենք: Գիշերն ենք գործ արել, այս տարի էլ որոշեցինք, որ դիմենք Կարմիր խաչին, թող գան, կողքներս կանգնեն ու կոմբայնով մեր գործն անենք»,- ասաց Սամվել Սաղոյանը` շարունակելով.
«Երեկ չէ առաջին օրը` հուլիսի 26-ին, Կարմիր խաչի ներկայացուցիչները գյուղում էին: Հարևան Մովսես գյուղից վերցրեցինք համայնքին նոր հատկացված կոմբայնը, որ արտում իրենց ներկայությամբ աշխատենք ու սկսվեց: Բացահայտ հենց Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղղությամբ էլ կրակեցին: Դե մարդիկ էլ արագ հավաքվեցին ու հեռացան գյուղից: Ինչ-որ բաներ գրեցին իրենց մոտ, արձանագրեցին ու գնացին: Պատկերացրեք, որ հեռանալիս Կարմիր խաչի մեքենայի հետևից էլ են կրակել»,- ասաց Սամվել Սաղոյանը` մանրամասնելով.
«Կրակոցներից իրենց ավտոյի կողային հայելին ա կոտրվել ու որ մի դրոշակ ունեն է վրան` այ դա ծակվեց»:
Չինարիի գյուղապետը նշեց, որ անկախ կրակոցների ակտիվացումից` իրենք գյուղում շարունակում են ապրել բնականոն կյանքով:
«Միայն թե գյուղացի մարդն առանց իր հողի ապրել չի կարող: Իսկ մեզ հիմա թույլ չեն տալիս, որ մոտենանք արտին, մեր աշխատելու արդյունքը քաղենք: Կարմիր խաչից հետո էլ չգիտեմ` ում դիմել: Բայց այս հարցն ինչ-որ ձևով լուծել է պետք, որովհետև գիշերային աշխատանքն էլ արդեն անվտանգ չի»,- ասաց Չինարիի գյուղապետը: