17/11/2014 14:58
Առաջիկա 6 օրերին Երևանը կդառնա թատերական մայրաքաղաք
Նոյեմբերի 17-ից 22-ը Երևանում կանցկացվի Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՕ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը՝ «Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության» կարգախոսով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ասաց, որ 2 տարին մեկ անգամ տեղի ունեցող կոնգրեսին մասնակցելու համար 300 ներկայացուցիչ ժամանելու է Հայաստան:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն իր հերթին ասաց, որ այստեղ հյուրերը հնարավորություն կունենան մեր թատրոնին ծանոթանալու, ինչպես նաև՝ ստեղծագործական կամուրջներ հիմնելու:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Թատրոնի միջազգային ինստիտուտի նախագահ Ռամենդու Մաջումդարը ասաց, որ առաջիկա 6 օրերին Երևանը կդառնա թատերական մայրաքաղաք:
Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեի խոսքով՝ չնայած պետք է Ադրբեջան այցելեին, բայց որոշել են Հայաստան այցելել, քանի որ Հայաստանում կա խոսքի ազատություն և թատրոնի մեծ սիրտ, և եթե Բաքվում շատ խնդիրներ չէին լուծվելու, Հայաստանում Մշակույթի նախարարությունը դրանք լուծեց մեկ օրում: