19/11/2014 17:43
Ռազմիկ Ամյանը, Թաթան ու Արմենչիկը կմասնակցեն Ձախ Հարութի բեմական 50-ամյակին
Երգիչ Ռազմիկ Ամյանի համար 2014 թվականը նույնպես հագեցած էր համերգային շրջագայություններով: Նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի հայտնի «Դոլբի» թատրոնում եզրափակվեցին նրա այս տարվա համերգները: Life.panorama.am–ին նրա պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ այժմ աշխատում են նոր ձայնասկավառակի վրա.
«Շատ էինք ցանկանում, որ ձայնասկավառակը դուրս գար 2014 թվականին, բայց, ավաղ, զբաղվածության պատճառով չստացվեց: Հիմա աշխատանքներ են տարվում, 2015 թվականին, անպայման, կթողարկվի: Ձայնասկավառակում ներառված կլինեն նոր երգեր, որոնցից մի մասի հեղինակը Ռազմիկ Ամյանն է»:
Արմեն Մովսիսյանից տեղեկացանք նաև, որ շուտով Ռ. Ամյանի հեղինակած «Աշուղ Ռազոն» երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի, որի ռեժիսորը Արմեն Երիցկինյանն է: Ձայնասկավառակի նախնական անունն է «Սիրել եմ, սիրում եմ, կսիրեմ»:
«Անընդհատ զբաղված ենք եղել, այս ամենի մասին մտածելու ժամանակ չենք ունեցել: Նոր ենք վերադարձել Հայաստան ու պետք է ակտիվ գործունեություն ծավալենք: Ժամանակի մեջ դժվար է տեղավորվել»,- խոստովանեց Ա. Մովսիսյանը:
Ռազմիկ Ամյանը մի քանի օրից նորից մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութի) «50 տարի բեմի վրա» հոբելյանական համերգին, որտեղ ներկա կգտնվեն նաև Թաթա Սիմոնյանը, Արմենչիկը և շատ այլ երգիչներ: