19/11/2014 19:31
Արամ MP3-ը միանգամից մի քանի անակնկալ է պատրաստել
Երգիչ-հումորիստ Արամ MP3-ի համար նոյեմբեր ամիսը մի փոքր բարդ էր: Մշտապես գործնական եռուզեռի մեջ գտնվող երգիչը չկարողացավ հասցնել ու իր երկրպագուների դատին հանձնել սպասված ու նախատեսված տեսահոլովակը: Սակայն այսօր նա միանգամից մի քանի անակնկալ է պատրաստել:
Այդ մասին Life.panorama.am–ի հետ զրույցում ասաց ինքը՝ Արամը: «Ամսվա վերջին իմ «Help» երգի հիման վրա նկարահանած նոր տեսահոլովակը կներկայացնեմ ակնդիրներին, որը նախատեսված էր նոյեմբերի 11-ին: Սակայն առաջացան որոշակի անիմացիոն խնդիրներ, տեխնիկական պատճառներով չհասցրեցինք: Սա այս ամսվա մեջ ինձ համար ամենադաժան բանն էր: Վստահ եմ՝ նոյեմբերի վերջին պրեմիերան կկայանա: Հստակ օրը նշել չեմ կարող, քանի որ աշխատանքային ընթացքի մեջ է: Ասեմ, որ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է»,-նշեց նա:
Մինչ այդ՝ նոյեմբերի 27-ին, տեղի կունենա Արամ MP3-ի հերթական ու սպասված մենահամերգը «Վիտամին» ակումբում: Երգիչը նաև դեկտեմբերյան գեղեցիկ անակնկալ է պատրաստել երկրպագուների համար:
«Պատրաստել եմ ևս մեկ երգ, որն ավելի ուրախ և նախատոնական է: Այն հանդիսատեսին կհանձնվի դեկտեմբերին: Եթե հասցնենք, նաև տեսահոլովակ կնկարահանենք: Երգը կոչվում է «Մեջիք»: Բառերի հեղինակը Գարիկ Պապոյանն է, երաժշտությունը գրել ենք ես և Լիլիթ Նավասարդյանը, գործիքավորում կատարել է Լիլիթ Նավասարդյանը»:
Կարծում ենք, բուռն է գործունեությունը մեկ ամսվա համար: Սիրով սպասում ենք նոր անակնկալների: