19/11/2014 16:10
Արման Սահակյան. Ես էլ եմ զարմացած. Բոլորը տեղյակ են խնդրից
«Ինձ համար էլ էր զարմանալի իրադարձությունների նման ընթացքը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը` անդրադառնալով այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և իր միջև տեղի ունեցած երկխոսությանը, որին հետևեց նիստի թիվ 28 կետը` գույք օտարելու մասին կետը օրակարգից հանելը:
Նա բացատրեց, որ Կիևյան 2-րդ նրբանցքի թիվ 18 հասցեում գտնվող շինությունը դեռևս 1998 թ.-ին գրավադրվել է «Լենդբանկ» ՓԲԸ-ում՝ 120.737.57 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի վարկի դիմաց, սակայն վարկը չի մարվել: 2007 թվականին «Լնդբանկ» ՓԲԸ-ն լուծարվել է: Լուծարված բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև կնքվել է պահանջի իրավունքի զիջման պայմանագիր, որի արդյունքում գումարային պարտավորությունը փոխանցվել է նախարարությանը:
ՀՀ տնտեսական դատարանի 2007 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ՝ պարտապանները ՀՀ ֆինանսների նախարարության նկատմամբ ունեցած 120.737.57 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի պարտավորության կատարման նպատակով՝ սեփականության իրավունքով պարտատիրոջն են հանձնել Երևան քաղաքի, Կիևյան 2-րդ նրբանցքի թիվ 18 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Միաժամանակ հաշտության համաձայնությամբ հաստատվել է, որ պարտատերը պետք է իրացնի տվյալ գույքը և ստացված միջոցները հաշվեգրի ՀՀ պետական բյուջե՝ որպես վարկային պարտքի մարում, իսկ պարտապանները երեք տարվա ընթացքում ունեն գնման նախապատվության իրավունք և շարունակում են տիրապետել և օգտագործել բնակելի տունը մինչև դրա նկատմամբ սեփականության իրավունքի դադարումը և իրավունք ունեն բնակվելու նշված բնակելի տանը անհատույց օգտագործման հիմունքներով:
Նշենք, որ պետգույքի վարչության կողմից ներկայացվող նախագծով առաջարկվում էր ՀՀ ֆինանսների նախարարությանն ամրացված Երևան քաղաքի Կիևյան 2-րդ նրբանցքի թիվ 18 հասցեում գտնվող շենք շինությունները օտարել դասական աճուրդով:
Արդյոք վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղյա՞կ չէր, որ տվյալ տարածքում մարդիկ են բնակվում հարցին, Արման Սահակյանը պատասխանեց, որ այդ մասին տեղյակ չէ, սակայն եթե գույքը բնակելի տարածք է, ենթադրելի է, որ այնտեղ մարդիկ են բնակվում: