19/11/2014 17:54
Կառուցվածքային բարեփոխումներն անհրաժեշտություն են
Կառավարությունը տարբեր առիթներով հայտարարում է, որ տեղական ինքնակառավարման ոլորտում շարունակելու է բարեփոխումները, ինչը նպաստում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ինստիտուտների ստեղծմանն ու կատարելագործմանը:
Համայնքներում տարբեր բնույթի ծառայությունների մատուցման ծավալի մեծացման և արդյունավետության բարձրացման գործում առանձնակի նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության և համապատասխան գերատեսչությունների կողմից իրականացվող վարչատարածքային բարեփոխումները: Զարգացած, ինքնակառավարվող տեղական համայնքները թույլ կտան համայնքների բնակիչներին մասնակցել իրենց համար շատ կարևոր պետական որոշումների ընդունմանը, ինչպես նաև` հետևողական լինելու դրանց իրականացման հարցում:
Գյուղատնտեսության զարգացումը շարունակում է մնալ Կառավարության գործունեության գերակա ուղղությունների շարքում, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը փորձում է հնարավորինս աջակցել գյուղատնտեսության ոլորտին: Իրականացվում են բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված այս ճյուղի արագ զարգացման ապահովմանն ու օժանդակմանը:
Նկատելի հաջողություններ են գրանցվել ջերմոցային տնտեսությունների, հատապտուղների և գյուղմթերքի վերամշակմամբ պայմանավորված փոքր հզորությունների ստեղծման ոլորտում: Մասնավորապես, վերջին ամիսներին Այրումում, Լուսաձորում, Բագրատաշենում, Սարդարապատում և մի շարք այլ համայնքներում գործարկվել է հյութերի, չրերի փոքր արտադրություններ, իսկ Կոթիում ու Չինարիում նախատեսվում է ջերմատների կառուցում:
Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պայմանավորված, այժմ կատարվում են կենսաբազմազանության, արոտների, անտառների կառավարման, գյուղացիական տնտեսությունների ձևավորման, կոոպերատիվների հիմնման ու գյուղատնտեսության զարգացման արդի միտումներին նվիրված աշխատանքային քննարկումներ։
ՀՀ կառավարությունը մեծ կարևորություն է տալիս նաև կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարական ծրագրին, որի շրջանակներում նախատեսված են Կոտայքի և Գեղարքունիքի մարզային լայնածավալ ծրագրերը՝ կոնկրետ նկարագրությամբ ու ֆինանսական վերլուծությամբ: Դրանց ներդրման համար իրականացվում են բանակցություններ՝ շահեկան պայմաններով վարկային և դրամաշնորհային ռեսուրսներ ներգրավելու համար: Երկրորդ քայլը կլինի նման ծրագրային նախագծերի մշակումը Լոռու և Տավուշի մարզերի համար:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ Հայաստանում իրականացվում են ժողովրդավարական կառավարման արմատավորմանն ուղղված բազմաբնույթ ծրագրեր։ Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետ գործունեության կարևորագույն նախապայման է հանդիսանում ցանկացած համայնքի, քաղաքների ու գյուղերի բնակիչների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման և դրանց իրականացման գործընթացին։ Բնակիչների ակտիվությունը նաև որոշիչ գործոն է արդյունավետ տեղական իշխանություն ձևավորելու և վերահսկելու հարցում։
Տարածքային կառավարման համակարգի ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման հիմնարար սկզբունքների ներդրման համար անհրաժեշտ է արդյունավետ համագործակցության ապահովումը ՀՀ կառավարության, համապատասխան գերատեսչությունների ու ՀՀ քաղաքացիների միջև:
Պետության ու բնակիչների ակտիվ մասնակցությամբ կարելի է լուծել համայնքների համար այսօր խոցելի համարվող սոցիալական խնդիրները, որոշ համայնքներում առկա շրջակա միջավայրի ու բնապահպանական հիմնախնդիրները, ինչպես նաև պլանավորել ու վերահսկել յուրաքանչյուր համայնքի համար առավել շահավետ համարվող գյուղացիական տնտեսությունների զարգացման միտումներն ու զբոսաշրջության տարածքային համաչափ զարգացումները: