19/11/2014 20:05
Եռյակը նախ թող իր մեջ վստահության թեստ անցնի
Ձև թափելու խնդիր չկա: Քաղաքական գործընթացներ են տեղի ունենում և բնականաբար, պետք է բանակցություններ ընթանան: Aysor.am-ի հետ զրույցում անդրադառանլով Եռյակի հայտարարությանը, որ մերժում են իշխանությունների առաջարկը, նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն, ում համոզմամբ՝ ոչ իշխանական Եռյակի և իշխանությունների միջև չպետք է վերջնագրեր լինեն: «Բնականաբար երկխոսությունը պետք է լինի բանակցությունների ֆոնում և շարունակվի»,- նշեց պատգամավորը:
Հ. Սահակյանի խոսքով՝ իշխանություններն առաջարկել են ընդդիմությանը գալ կառուցողական դաշտ և այնտեղ լուծել առաջ բերված 12 կետերը: «Մենք ընդամենն ասել ենք եկեք նստենք մի սեղանի շուրջ և քննարկենք. ոչինչ ավելի չենք ասել: Երբ որ կա այլ փաստաթուղթ, կարելի է դրա շուրջ քննարկումներ կազմակերպել»,- նկատեց պատգամավորը:
Գալով 12 կետերի 10 կետի պահանջին՝ Հովհաննես Սահակյանը կարծիք հայտնեց, որ 100 տոկոս համամասնականին անցնելը արդյունավետ միջոց չէ: «Մեր գործընկերների հետ աշխատելու համար դա արդյունավետ միջոց չէ: Այդ հարցը բազմիցս արդեն հնչեցրել են ԱԺ-ում, քննարկել ենք, և գիտեն մեր դիրքորոշումը, որը հստակ արտահայտել ենք»,- նշեց պատգամավորը:
Հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը որոշեց ոչ թե կատարել ընդդիմության և ինքն իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ի ներկայացրած 12 կետերը, այլ հրավիրել քննարկման, պատագամավորը պատասխանց. «Երբ եռյակը դեռ քառյակ էր, և ձևավորել էր 12 պահանջների ամբողջական փաստաթուղթը, իմ կարծիքով, ավելի կառուցողական էր, իսկ այսօր եռյակը, ինչպես տեսնում ենք՝ գնում է այլ հարթություն: Նախ սկսվեցին հակասություններ` հանրահավաք անում ենք, չենք անում, «Ժառանգության» առաջնորդը մեկ բան է հայտարարում, մյուսը` մեկ այլ բան: Մենք չենք կարող անդրադառնալ երեքին առանձին առանձին: Ահա ինչու կառավարությունը առաջարկեց գալ կոնստրուկտիվ դաշտ ու քննարկել այդ կետերը»,- պարզաբանեց Հ.Սահակյանը:
Սահակյանի համոզմամբ՝ ոչ իշխանական ուժերը կարող են պահանջ ձևակերպել և դա համարել բացարձակ ճշմարտություն, որն էլ պետք է անվերապահ իրականացնել: Հ. Սահակյանի պոսքով հենց այդ պատժառով է, որ նրանց իշխանությունը քննարկման է հրավիրում: «Ուզում ենք հասկանալ, թե ինչի համար ենք որպեսզի պարզել, թե ինչի համար են ուզում այդ պահանջը: Օրինակ՝ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցում կատարելու պահանջը ընտրակարգը բարելավելո՞ւ, վստահության ավելացմա՞ն, թե նրանց համար է, որ ովքեր ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնությամբ չեն զբաղվում, գան և զբաղվեն: Եթե դու պահանջ ես ներկայացնում` կատարել այս քայլը, քեզ հրավիրում են քննարկման, ասելով` այո, դու ճիշտ ես ասում, բայց պատրաստվում ենք անել, ենթադրենք, մեկ-երկու տարում: Սա էլ քեզ միջնաժամկետ ծրագիրը, եթե ես դա չանեմ, ԱԺ-ում կասես քո վերաբերմունքը: Եթե փոքր երեխայի կապրիզ եք անում, ամեն ինչ մերժում ու ասում, ոչ մենք չենք գալիս քննարկման, հարյուր տոկոս համամասնականը իրականացրեք, նոր կզրուցենք, այդտեղ որևէ տրամաբանություն չկա: Վստահության ու անկեղծության թե՞սթ են անում: Եռյակը նախ թող իր մեջ վստահության թեստ անցնի»,- ամփոփեց միտքը պատգամավորը: