19/11/2014 19:51
Նախկին դատախազներից Սուրեն Օսիպովի որդուն մեղադրում են խաբեության մեջ
Ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանով և Դմիտրի Աֆոնինը պնդում են, որ նախկին գլխավոր դատախազներից Սուրեն Օսիպովի որդին՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանը, իրենց խաբելով տիրացել է հսկայական գումարների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Կորեպանովը:
Նրա խոսքով՝ 2005 թ. իր ընկեր Վիկտոր Տեր-Հովսեփյանը իրեն հրավիրել է Հայաստան և առաջարկել սկսել շինարարական ոլորտում համատեղ բիզնես, բայց դրա հետևանքով գործարարը կրել է 5 մլն դոլարի վնաս: Ա. Կորեպանովը ներդրում է կատարել «Անսուր ինվեստ» շինարարական ընկերությունում, որի բաժնեմասերի 50 %ը պատկանել է իրեն, մյուս մասն էլ՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանին, ով ներդրումներ չի կատարել:
«Վ. Տեր-Հովսեփյանը վստահեցրեց, որ իր մայրը Արամի 38 հասցեում գտնվող տան և հողամասի սեփականատերն է և առաջարկեց գումար ներդնել՝ այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցելու համար: Մենք վարձեցինք հաշավապահական և իրավաբանական ծառայություններ իրականացնողների, սակայն, երբ ես վերադարձա, պարզվեց, որ չեմ կարող հետ ստանալ ոչ գումարը, ոչ էլ հողատարածքը»,- ասաց գործարարը:
Նա ասաց, որ ինքը ունի անհրաժեշտ փաստաթղթերը՝ իրավապահ մարմիններին դիմելու համար և արդեն ներկայացրել է համապատասխան դիմում: