19/11/2014 15:44
Զուրաբյան. Արտահերթ ընտրությամբ իշխանությունները կապացուցեն, որ անկեղծ են
Միայն արտահերթ ընտրությունների գնալով՝ այս իշխանությունները կապացուցեն, որ իրենք անկեղծ են: Այսօր Եռյակի նիստի ավարտից հետո այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ընդգծելով, որ սա է Եռյակի պատասխանը Հովիկ Աբրահամյանին ու Սերժ Սագսյանին:
«Մենք որոշում ենք ընդունել մեր քայլերի մասին, որոնք կապահովեն մեր ժողովրդի ակտիվ ընդգրկումը շարժման մեջ: Մենք պլանավորում ենք նաև արտահերթ նիստ՝ համամասնական համակարգին անցնելու և ընտրական ցուցակները ապահովելու ուղղությամբ: Կհամագործակցենք առաջին հերթին Դաշնակցության հետ, որովհետև այդ ուժը մեր պահանջների մեջ այդ կետի սեփականատերն է»,- ասաց նա` ընդգծելով, որ եթե իշխանությունները պատրաստակամություն են հայտնել համագործակցել այդ կետերի շուրջ, ապա Եռյակն այդ հնարավորությունն անմիջապես տալիս է:
«Արտահերթ նիստով կստուգենք, թե իշխանությունները որքան են գնահատում իրենց խոսքի արժեքը: Մեր նպատակը կլինի կամ ապացուցել այս իշխանությունների խոսքերի դատարկությունը, կամ հաջողության հասնելը»,- հավելեց նա:
Լ. Զուրաբյանի խոսքով` արտահերթ նիստի օրը ևս քննարկվել է, բայց դրա մասին դեռ չեն հայտնի: «Պետք է այս հարցը քննարկենք այլ խորհրդարանական ուժերի հետ: Մեր քայլերը կապված չեն նիստի տապալման կամ հաջողման հետ»,- ասաց նա` ընդգծելով, որ Եռյակը մնում է այն կարծիքին, որ 12 կետերի շուրջ բնակցություններն իշխանությունների հետ անիմաստ են:
Անդրադառնալով այն հայտարարությանը, թե առանձին ուժերի հետ իշխանություններն առանձին բանակցություններ են վարելու` Լ. Զուրաբյանը նկատեց, որ Գալուստ Սահակյանը բանակցելու սովորություն ունի, հետևաբար դրանք ևս անիմաստ խոսակցություններ են:
«Եթե նա բանակցելու համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ գտել է, դա նրա գործն է, թող բանակցի: Բայց Եռյակի ուժերի հետ բանակցություններ չեն լինելու»,- հավաստիացրեց պատգամավորը:
Նախորդող հրապարակում՝ Վարչապետ. Մեր դիրքորոշումները քարացած չեն, մենք պատրաստ ենք քննարկումների