19/11/2014 18:44
Միհրան Ծառուկյանը իրականացրեց 16-ամյա Հովհաննեսի երազանքը. Լուսանկարներ
Երգիչ Միհրան Ծառուկյանն, ով նկարահանվում է նաև հեռուստադիտողի կողմից սիրված «Full House» հումորային նախագծում, այսօր իրականություն դարձրեց 16-ամյա Հովհաննեսի երազանքը, ով արդեն երեք տարի երազում էր հանդիպել Միհրանին: Նշենք, որ տղան ունի վերջույթների հետ կապված խնդիրներ. անվասայլակով է տեղաշարժվում: Հանդիպումը կայացել է Qahana.am կայքի խմբագրությունում:
Նախքան հանդիպումը Հովհաննեսը նամակ էր ուղարկել խմբագրությանը՝ խնդրելով իրականացնել երազանքը և կազմակերպել հանդիպում սիրելի երգչի հետ: Երգիչը հանդիպման խնդրանքին արձագանքել էր անմիջապես. «Կգամ երբ և որտեղ հարմար է, անպայման կհանդիպեմ Հովհաննեսին»:
Նրանց ջերմ հանդիպումը շատերին ստիպեց հուզվել: Հովհաննեսի մայրը Life.panorama.am-ին պատմեց, որ ուղիղ երկու օր տղան ոգևորված է, անընդհատ տրամադրվում է, պատրաստվում է հանդիպմանը:
«Ես գիտեմ, սիրում ու լսում եմ Միհրանի բոլոր երգերը: Ընկերներիս հետ օնլայն ռադիոկայան ենք ստեղծել, անընդհատ նրա կատարումներն ենք հնչեցնում: Ոչ մի հոդված, ոչ մի նյութ նրա մասին, բաց չեմ թողնում»,- Life.panorama.am-ի հետ զրույցում անկեղծացավ Հովհաննեսը:
Մեր այն հարցին, որ պատանիներն ավելի շատ սիրում են երգչուհիներին, արդյոք նա չունի նախընտրած կատարումներ հայ երգչուհիների կողմից, ասաց.
«Կա երկու երգ, որ սիրում եմ. մեկը Լիլիթ Հովհաննիսյանի ու Միհրան Ծառուկյանի, մյուսը Վարդայի և Միհրանի դուետն է»:
Կարծում եմ, որ ավելորդ է նշել, որ Հովհաննեսը Միհրան Ծառուկյանի ամենահավատարիմ երկրպագուներից է: «Ուրախ եմ, որ հանդիպեցի Հովհաննեսին: Նա խելացի ու լավ պատանի է: Կցանկանամ, որ իր մոտ ամեն ինչ բարեհաջող լինի: Հավատում եմ, որ այդպես էլ կլինի»,- ասաց երգիչը:
Երգիչը Հովհաննեսին նվերներով էր այցելել. բերել էր իր ձայնասկավառակն ու պաստառը, որը տղան խոստացավ թանկարժեք նվերի պես պահել. «Ես ունեմ Միհրան Ծառուկյանի ձայնասկավառակը, նրա մասին ամեն ինչ պահում եմ, բայց սա որպես հուշ կպահեմ, քանի որ հենց իրենից եմ նվեր ստացել»:
Առավել քան հուզիչ էր բաժանման պահը: Միհրանը Հովհաննեսից խնդրեց խոստում՝ հաջորդ հանդիպումը շատ շուտ կազմակերպել, և որ նա, անպայման, գա սեփական ոտքերով, և ոչ անվասայլակով: Հովհաննեսը խոստացավ իրականացնել այդ խոստումն ու իր վաղեմի երազանքը: