19/11/2014 15:28
Սփյուռքի նախարարություն. Բջջային կապի համար վճարվել է 58 հազար ՀՀ դրամ
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել նոյեմբերի 18-ին լրատվամիջոցների կողմից տարածված՝ «Որքա՞ն է վճարել սփյուռքի նախարարությունը բջջային հեռախոսների ծառայություններից օգտվելու համար» նյութը, որում, մասնավորապես, ասված է.
«Նյութը ապատեղեկատվության միջոցով թյուր պատկերացում է առաջացնում Սփյուռքի նախարարության գործունեության վերաբերյալ: Հրապարակման մեջ անհիմն կերպով ներկայացված են ուռճացված, իրականության հետ առնչություն չունեցող թվեր: Մասնավորապես, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն այս տարվա հոկտեմբերին միայն բջջային հեռախոսների ծառայություններից օգտվելու համար բջջային կապի օպերատորին փոխանցել է ավելի քան մեկ միլիոն դրամ» և «…Սփյուռքի նախարարությունը ֆիքսված կապի համար էլ վճարել է 2 միլիոն 750 հազար դրամ»:
Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն այս տարվա միայն հոկտեմբերին բջջային հեռախոսների ծառայություններից օգտվելու համար վճարել է 58 հազար ՀՀ դրամ, իսկ ֆիքսված կապի համար՝ 312 հազար ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ: