19/11/2014 14:27
Ոստիկանությունն իրեն վերագրեց քաղաքական գործառույթ՝ խափանել ակցիայի նպատակը
Նոյեմբերի 12-ին և 14-ին ՀՀ ֆինանսների նախարարության շենքի ու Սահմանադրական դատարանի դիմաց քաղաքացիական ակտիվիստները իրացրել են իրենց իրավունքը, իսկ ոստիկանների գործողությունները եղել են անօրինական: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց փաստաբան Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ այս ազատությունների իրացումը սահմանափակման ենթակա չէ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, երբ այդ սահմանափակումը արվում է ի շահ ժողովրդավարական հասարակության:
«ԵՏՄ-ին անդամակցելու հարցը քննարկվում էր դռնբաց և ոստիկանները չէին կարող քաղաքացիներին թույլ չտալ մուտք գործել դահլիճ: Ոստիկանները պարտավոր էին ապահովել հավաքի բնականոն ընթացքը, որ ոչ ոք չմիջամտի խաղաղ հավաքին»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ ոստիկանների վարքագիծը վերջին 2 տարում գնալով վատանում է, ինչը նա կապում է իշխանությունների «ոչ լեգիտիմությամբ», ինչպես նաև նրանով, որ ընդօրինակում են «ԵՏՄ ակումբի ոստիկանների պահվածքը»:
Քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանն իր հերթին ասաց, որ ոստիկաններն իրենց ագրեսիվ են դրսևորում ինքնաբուխ հավաքներին, իսկ կուսակցական հավաքներին նրանք ավելի կառավարելի են:
«Ոստիկանությունն իրեն վերագրեց քաղաքական գործառույթ՝ խափանել ակցիայի բուն նպատակը: Հավաքվածների մի կեսին ուղարկում էին դիմացի մայթ, մյուսին արգելում էին անցուդարձ անել՝ մսաղացի տակ դնելով նույնիսկ բանակում սպանված զինծառայողների հարազատներին»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ «Դեմ եմ»-ի անդամ. Ոստիկանները սկսել են նմանվել թաղային հեղինակության