19/11/2014 14:37
Վարչապետն ու ֆինանսների նախարարը գույքը չկիսեցին
Այսօր գործադիրում քննարկվեց գույք օտարելու վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ներկայացրած նախագիծը, ըստ որի, նախատեսվում էր թույլատրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Կիևյան 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող 450.2 քառ. մետր մակերեսով շենք շինությունները՝ բնակելի տուն 394.2 քառ. մետր, ավտոտնակ 28.3 քառ. մետր, կաթսայատուն 27.7 քառ. մետր և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.04095 հա հողամասն օտարել դասական աճուրդով` որպես գույքի մեկ միավոր:
ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N209 որոշմամբ սահմանված կարգով 2014 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 115,259.2 հազ. Դրամ, աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ 115,259.2 հազ. դրամ:
Օտարման նպատակը նշված էր պետական բյուջեի մուտքերի ավելացման ապահովումը: Ֆինանսների նախարարությունը, արդարադատության նախարարությունը, անշարժ գույքի կադաստրը առարկություններ չեն ներկայացրել:
Նախագծում ներառված էր աճուրդի հետ կապված բոլոր մանրամասները և նախագիծը պատրաստ էր հաստատվելուն, այն ներկայացրեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
«Օտարո՞ւմ»,- հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Պարոն վարչապետ, սա պարտքի դիմաց ընդունած գույք ա` ֆինանսների նախարարությանը պարտք են եղել, պարտքի դիմաց ընդունած գույք ա, հիմա դասական աճուրդով օտարում ենք, որ վերականգնենք էդ գումարները բյուջե»,- նա:
«Բնակելի՞ է, ստեղ մարդիկ են ապրո՞ւմ»,- հարցրեց վարչապետը:
«Հենց մարդիկ են պարտք պետությանը»,-ասաց Արման Սահակյանը: «Հիմա էդ մարդկանց հանելո՞ւ ենք»,- հարցեց վարչապետը:
«Դե պիտի օտարենք, որ պարտքը վերականգնվի»,- ասաց Ա. Սահակյանը:
«Բա էդ մարդիկ ի՞նչ պայամններով են ընդեղ ապրում»,- հարցրեց վարչապետը:
«Անհատույց օգատգործման պայմաններով տնտեսական դատարանի 2007թ-ին. ..»- ուզում էր շարունակել պետգույքի վարչության պետը, բայց վարչապետը խոսքը կտրեց. «Հասկացա, իմ հարցին պատասխանի, հիմա մարդիկ ընդեղ ապրո՞ւմ են, նրանց թողնելու ենք փողո՞ց»:
«Պարոն վարչապետ պետական գույք ա դա»,- ասաց Սահակյանը: «Հասկացանք, որ պետական գույք ա, բայց մարդի՞կ, բայց ի՞նչ սոցիալական խնդիր ենք լուծում էդ մարդկանց համար, միգուցե հնարավորություն տանք մարդկանց: Առաջարկում եմ նախագիծը հանել օրակարգից, լրացուցիչ քննարկենք»,- պնդեց Հովիկ Աբրահամյանը: