20/11/2014 17:37
Արմեն Աշոտյան. Չգիտեմ, թե որքանով կստացվի շարժել անշարժը
Ակնհայտ է, մեր այլընտրանքա-ընդդիմադիրա-ոչիշխանական ուժերը հեռանկարի խնդիր ունեն. Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան այն հարցի, թե որքանո՞վ են հիմնավոր ոչ իշխանականների այն տեսակետները, որ 12 կետերի վերանայմամբ իշխանությունները նպատակ ունեն մարել շարժումը:
«Շարժման հետ կապված, չգիտեմ, թե որքանով է շարժումը շարժում, թե որքանով կստացվի շարժել անշարժը, չգիտեմ, բայց ակնհայտ է՝ մեր այլընտրանքա-ընդդիմադիրա-ոչիշխանական ուժերը հեռանկարի խնդիր ունեն: Քաղաքական մշակույթի խնդիր կա, հասկանո՞ւմ եք, ակնհայտ է, որ պայքարը ժամկետ ունի, և այդ ժամկետը հերթական ընտրություններն են լինելու: Մնացած ամեն ինչ ինձ համար ավելի շատ իմիտացիա է հիշեցնում»,- ասաց նա և հավելեց, թե ՀՀԿ-ն այն կուսակցություններից է, ով արդյունքը գերադասում է:
«Երկար կարող ենք խոսել այս կապակցությամբ, եթե մի քիչ հետևեք ԱՄՆ իշխանությունների աշխատանքին, կտեսնեք, որ ակնկալիքը իշխող ուժերից ավելի մեծ է, քան՝ ընդդիմությունից: Բացի ՌԴ-ից, որևէ իշխանություն չունի 80 տոկոսանոց վստահություն: Մարդիկ գիտեն, որ եթե ինչ-որ մեկը պետք է լուծի իրենց խնդիրը, ապա դա հաստատ հարթակներից սեփական իշխանական հեռանկարները տենչող մարդիկ չեն, ովքեր քաղաքական աշխատանքը պատկերացնում են բացառապես ընդդիմանալու մեջ»,- ասաց նա:
Աշոտյանն ընդգծեց, թե Հայաստանի քաղաքական մշակույթում, ցավոք սրտի, չի արմատավորվում գործելաոճը, երբ համատեղ աշխատանքը չդիտարկվի որպես քաղաքական դիրքորոշման կապակցությամբ հետընթաց:
«Կարծում եմ, որ մեր որոշ քաղաքական ուժերը այս տեսակետից բարդույթավորված են՝ չհասկանալով, քաղաքակիրթ քաղաքական մշակույթը երբեմն պահանջում է համատեղ աշխատանք՝ քաղաքական տարաձայնություններ ունենալով հանդերձ: Այդ որոշումից առաջին տպավորությունս այն է, որ
ա) բարդույթները թույլ չեն տալիս համատեղ աշխատել,
բ) կա նաև 12 կետերի նկատմամբ անլրջություն հենց կետերի հեղինակների կողմից,
գ) երկրի առջև ծառացած խնդիրները չեն սահմանափակվում 12 կետերով,
դ) չգիտեմ՝ եռյակը ինչ է որոշում, բայց մեր աշխատանքը ստացվում է»,-ասաց նա:
Ի պատասխան դիտարկմանը, թե իշխանությունները 6 ամիս ժամանակ ունեին՝ լուծելու 12 կետերը, Արմեն Աշոտյանն ասաց, թե պետք է տարբերակել բանավոր արտաբերանքը հիմնավորումից. «Եթե մարդիկ ինչ-որ նախադասություններ կարողանում են շարադրել՝ ամենադաժան քննադատությամբ հանդերձ, դա դեռևս հիմնավորում չէ: Բարձրացված և ոչ մի հարց ակնթարթային լուծում չունի»: