20/11/2014 18:45
Ա. Զաքարյան.Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ազատվել ՄԽ գործընթացի կապանքներից
ԵԱՀԿ-ի փոխարեն ես չեմ կարող ասել, թե ինչն է խոչընդոտում, որպեսզի ԵԱՀԿ-ն ավելի կոշտ դիրքրոշմամբ հանդես գա, բայց նման միջադեպերի ժամանակ, սովորաբար հանդիպումներից հետո կամ առաջ միշտ համապատասխան արձագանքներ լինում են: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` անդրադառնալով ԵԱՀԿ հայտարարություններին:
Հարցին, թե չե՞ք կարծում, որ Հայաստանի արձագանքը այդքան էլ անադեկվատ չէ, Ա. Զաքարյանը հակադարձեց՝ նշելով, թե Հայաստանի կողմից արաձագանքը եղել է միշտ պատշաճ: «Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ ենք արել հասցեական դիրքորոշում ունենալ և տվյալ պարագայում Ադրբեջանին ի ցույց դնել որպես կոպիտ խախտում իրականացնող կողմ՝ ձեռք բերված հրադադարի պայմաններում: Դա իր մեջ պարունակում է շատ կոշտ դիվերսիոն և սադրիչ գործընթաց»,- ասաց պատգամավորը` հստակեցնելով, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ:
Ա. Զաքարյանը համաձայնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի հասցեական լինի իր դիրքորոշումների մեջ, և ընդգծեց, որ բանակցային գործընթացը չպետք է դրանից տուժի:
«Մեր կայուն համոզմունքն է, որ ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, և չկա այլընտրանք նաև Մինսկի խմբի բանակցային գործընթացում»,- ասաց նա` կոչ անելով նաև ՄԽ ավելի հստակ դիրքորոշմամբ հանդես գալ:
Ա. Զաքարյանի խոսքով` առաջին անգամը չէ, որ Ադրբեջանն ուզում է սադրել, որի մասին բոլորը գիտեն:
«Կազմակերպությունները, կողմերին կոչ անելով կառուցողական երկխոսության, բնականաբար, նկատի են ունենում, որ նման գործողությունները պետք է բացառել, դրանք անթույլատրելի են, դրանք չեն կարող նպաստել հասարակությունների միջև փոխադարձ վստահության մշակույթի ձևավորմանը, կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, և Ադրբեջանի կողմից այս ապակառուցողական գործողությունները` խաթարելու Մինսկի խմբի գործընթացը, ունեն նաև որոշակի ռազմական գործողությունների շարք: Ամենաանթույլատրելի և դատապարտելի արարքը, որ արեց Ադրբեջանը, ուսումնավարժանք իրականացնող անզեն ուղղաթիռը խոցելն էր: Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ազատվել Մինսկի խմբի գործընթացի կապանքներից: Ազատվել, որովհետև նրանք շատ լավ հասկանում են, որ այդ գործընթացը Ադրբեջանին տանելու է դեպի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման անվիճելի սկզբունքի ընդունում»,- ասաց Զաքարյանը` ընդգծելով նաև, որ հաշվի առնելով տարածաշրջանում իր կողմից կուտակած սպառազինությունները՝ Ադրբեջանը շարունակելու է փորձել ձախողել այդ գործընթացը:
Հարցին` միգուցե մեր թույլ դիվանագիտությո՞ւնն է պատճառը, Ա. Զաքարյանը կրկին չհամաձայնեց. «Մեր դիվանագիտությունը ու բոլոր պետությունների դիվանագիտությունները ունեն սկզբունքներ: Թույլի և ուժեղի խնդիր չէ, մեր դիվանագիտությունը ամբողջությամբ ամենածանրաբեռնված ձևով աշխատող դիվանագիտություն է: Կան ողջամիտ գործողությունների շրջանակներ, ու մեր դիվանագիտությունն ամեն ինչ անում է այդ շրջանակներում: Ադրբեջանը բազմիցս խախտում է, շեղվում ձեռք բերված պայմանավորվածություններից, ինչը պետք է ՄԽ-ի համար որոշակի ազդանշան լինի:
Ամեն դեպքում Հայաստանը, շատ լավ հասկանալով իրավիճակը, թույլ չի տա Ադրբեջանին՝ իրեն ներքաշել իր իսկ սարքած ավանտյուրայի մեջ»,- ամփոփեց պատգամավորը։