20/11/2014 09:52
ԲՀԿ-ականների կողմից ծեծի ենթարկված երիտասարդին վիրահատելու են
Անցյալ շաբաթ ԲՀԿ-ական երկու երիտասարդների կողմից Կոտայքի մարզի Քասախ գյուղում դաժան ծեծի ենթարկված, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության երիտթևի նախագահ Վիգեն Դավթյանը երեկ «Հայկական Ժամանակին» հայտնել է, որ դուրս է գրվել հիվանդանոցից: Բժիշկները նրան հայտնել են, որ մեկ ամիս անց պետք է քթի վիրահատության ենթարկվի:
Հիշեցնենք, նրա քիթը կոտրվել էր, նա նաև գլխուղեղի ցնցում էր ստացել և մարմնի տարբեր հատվածներում բազմաթիվ այտուցներ ուներ: Տեղի ունեցածը ԺՈՒԿ-ը հայտարարել էր քաղաքական հաշվեհարդար, քանի որ սեպտեմբերի 21-ին Քասախում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ, որտեղ ԲՀԿ-ն փորձել էր մեծամասնություն ունենալ, Վիգեն Դավթյանը նրանց չէր աջակցել:
Երեկ ոստիկանությունից «Հայկական Ժամանակին» հայտնել են, որ գործով հետաքննությունը շարունակվում է: