20/11/2014 14:21
Գագիկ Եգանյան. ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցումը կնպաստի արտագաղթի նվազմանը
Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունը կնպաստի ոչ թե արտագաղթի տեմպերի մեծացմանը, այլ հակառակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
«Արտագաղթը ավարտվում է մշտական բնակության փոփոխմամբ և այսօր մարդիկ բարդություններից խուսափելու համար վախենում են վերադառնալ, իսկ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կբերի միգրացիոն տեղաշարժի ակտիվության»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ կա 3 առավելություն, որոնք ստանալու են կոնկրետ Ռուսաստանում աշխատող միգրանտները:
«Նախ, ԵՏՄ տարածքում աշխատաշուկաները դառնալու են միասնական և հայերը հավասար կարգավիճակ են ունենալու ՌԴ քաղաքացիների հետ: Ներկայումս, ՌԴ-ում աշխատելու համար միգրանտը առանձին ընթացակարգով պետք է ձեռք բերի աշխատանքի թույլատվություն, իսկ ԵՏՄ մուտք գործելուց հետո այդ տուրքը վճարելու կարիք չի լինի: Կարիք չի լինի նաև լրացուցիչ կացության թղթեր ձեռք բերել: Միգրանտները երեք տարի ազատ կարող են բնակվել այդ երկրում, երկրից դուրս գալ ու մուտք գործել ինչքան ցանկանան, քանի որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում միգրանտը և նրա ընտանիքը համարվում են օրինական բնակվողներ այդ երկրի տարածքում»,-ասաց նա:
Գ. Եգանյանը նաև ասաց, որ ՌԴ մուտք գործելու դեպքում ցանկացած անձի հաշվառման կանգնելու համար տրվելու է ավելի երկար ժամանակով՝ 30 օր:
Գ. Եգանյանը նաև ասաց, ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանից մեկնածների և վերադարձածների բացասական մնացորդը 91 հազար է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 90 հազարի դիմաց: