20/11/2014 12:35
Գալուստ Սահակյանն ԱԺ-ում ծափերի առիթ տվեց
Քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստը քսան րոպեով ընդմիջվեց: Ընդմիջում խնդրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, հայտարարեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քվեարկության մասին:
Ի պատասխան Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ օրինագիծը խնդրահարույց է և ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու:
Ընդմիջումից հետո ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ հաշվի առնելով՝ երկրում իրավական պաշտպանությունը ցածր մակարդակի վրա է, մարդու անձնական տվյալները կարող են արտահոսել արտերկիր:
«ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը»,- հայտարարեց պատգամավորը:
Օրինագիծը մերժվեց 61 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Քվերակության դրվեց նաև «Վարչական իրավախախտումների մասին» օրինագիծը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը իր խոսքում հայտարարեց, որ ՀԱԿ-ը դեմ է այս օրինագծին: «Այն հակասահմանադրական է»,- ասաց պատգամավորը, որին հաջորդեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը. «Սա թալան է, և մենք դեմ ենք թալանին: Այդ պատճառով էլ մենք այս քվեարկությանը ևս չենք մասնակցի»:
«Այսինքն, քվերակության չդնե՞մ: Կողմնակից եք նախորդ օրենքը ուժի մեջ մնա»,- հարցրեց Գալուստ Սահակյանը:
Օրենքը դրվեց քվերակության.
57 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց նաև «Վարչական իրավախախտումների մասին» օրինագիծը:
Փաստորեն, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում Կառավարության ներկայացրած արդեն երկրորդ որոշումն էր, որ չընդունվեց:
Քվեարկությունից հետո դահլիճում հնչեցին ծափեր:
«Երբեմն էլ պետք է առիթ տամ, որ ծափեր էլ լինեն»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: