20/11/2014 18:31
Կարեն Բաբակեխյանը «ֆինանսական բուրգի» գործով ցուցմունք տվեց
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «ֆինանսական բուրգի» գործով դատաքննությունը:
Այսօրվա նիստին հարցաքննվեցին Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, նրա որդին` Ռուբեն Բաբակեխյանը և կինը` Դոնարա Նազարյանը:
Ռ. Բաբակեխյանը դատարանին հայտնեց, որ գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի ընտանիքի հետ իրենք գտնվում են քավոր-սանիկական հարաբերությունների մեջ, նրա ընտանիքին ճանաչում է մանուկ հասակից, և չի հասկանում, ինչպես նրանք կարող էին հայտնվել նման պատմության մեջ, իսկ գործով վկա Արտակ Գալստյանին ճանաչել է որպես հայտնի վաշխառուի, իսկ նրա հայտարարությունները, որ իր որդին հրազենով հարձակվել է Արթուր Անդրեասյանի տան վրա, զրպարտանք է:
Նա հայտնեց, որ ինքը որևէ գործարք չի ունեցել ամբաստանյալի հետ, իր որդին խնդրել է գնել իրենից գրավադրված տարածքը, և այն ձևակերպել են կնոջ անունով: Իր որդին գումար է տվել, որպեսզի Ա. Անդրեասյանը վճարի բանկին ու գրավից հանի տարածքը, իսկ մինչև գնելը իր ընկերոջից՝ Վասիլ Անդրեասյանից, հավաստիացել է, որ նա տեղյակ է Արթուրի՝ նման գործարք կնքելու առաջարկից:
Կ. Բաբակեխյանը ասաց, որ Ա. Գալստյանը իր ընտանիքի թիվ մեկ թշնամին է, քանի որ զրպարտել է իր որդուն, որ վերջինս կրակել է «Արթուրի տան վրա»:
«Բուրգ գոյություն չունի»,- ասաց Կ. Բաբակեխյանը, նշելով, որ մամուլում առկա հրապարակումները հայտնվել են Ա. Գալստյանի ջանքերով: Կ. Բաբակեխյանի խոսքով՝ ինքը լավ գիտի, թե ովքեր են կանգնած «Արտակի մեջքին և երբ ժամանակը գա, բոլորն էլ պատասխան են տալու»:
Դատավորի հարցին՝ նրա ընտանիքը որևէ գույք խլե՞լ է ամբաստանյալ Արթուր Անդրեասյանից, նա ասաց, որ ինքը հիմար չէ, որ գույքը խլեր և այն ձևակերպեր իր կնոջ անունով:
Դ. Նազարյանը իր խոսքում ասաց, որ որդին 2012թ. նոյեմբերի վերջին իրեն ասել է, որ նրա անունով տարածք է գնելու և գնել է Բաղրամյանի վրայի տարածքը:
Նա ասաց, որ տեղյակ չի ոչ ամուսնու, ոչ էլ որդու գործերից, իսկ ինքը ունի 5 թոռնիկ և շատ զբաղված է և գիտի, որ իր որդին սխալ բան չի անի:
Դատավորը նկատեց, որ տպավորությունն է, թե նախաքննության ժամանակ նա ցուցմունք չի տվել, սակայն երբ հրապարակվեց նրա նախաքննական ցուցմուքը, պարզվեց, որ կինը բավականին իրազեկված է եղել որդու և ամուսնու գործունեությունից, մասնավորապես՝ որ ամուսինը մոտ է եղել ամբաստանյալի հոր՝ Վասիլի հետ, իսկ որդին էլ 170-180 հազար դոլար կանխիկ տվել է Արթուրին՝ փոխարենը վերցնելով բանկում գրավ դրված Արթուրի անշարժ գույքը:
Նախորդող հրապարակում՝ Կարեն Բաբակեխյան. Մեր մասով գործը կարճվել է
ՀՔԾ-ում ֆինանսական երկու բուրգի քննություն է ընթանում
Բարձրաստիճան ոստիկանների անունից ներկայանալու մեջ մեղադրվողը վատառողջ է