20/11/2014 10:16
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը հակասահմանադրական է
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի դրույթները, ցավոք սրտի, հակասահմանադրական են: Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազատ Դեմոկրատներ կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` անդրադառնալով ՀՀ Սահմանադրության կողմից ճանաչված ԵՏՄ անդամակցության փաստաթղթին:
«Ցավոք սրտի, ակնհայտ է, որ դա իրավական փաստաթուղթ չէ, ուղղակիորեն մեր Սահմանադրությանը հակասում է: Այսօր Եվրասիական տնտեսական միության տնտեսական կոմիտեի որոշումները Հայաստանի և անդամ պետությունների համար պետք է պարտադիր դառնան. այդ առումով` ակնհայտ է, որ դա հակասահմանադրական է: Փաստերը շատ են»,- ասաց նա` ընդգծելով, որ Սահմանադրական դատարանի որոշումը համարում է քաղաքական վճիռ կամ որոշում, ոչ թե իրավական փաստաթուղթ:
Նրա կարծիքով` դա շատ տրիվիալ է և չկա որևէ իրավաբան, որն այդ կարծիքը չպնդի: «Որպես կանոն, մեր Սահմանադրական դատարանը, ցավոք սրտի, լղոզված պատասխաններ է փորձում տալ, և եթե ուշադրություն դարձնենք, այս անգամ այն եզակի դեպքերից էր՝ այդ լղոզումը բացակայում էր: Ցավում եմ, որ մեր պետությունում Սահմանադրական դատարանն ընդունել է քաղաքական որոշում, այլ ոչ թե իրավական: Սա փաստ է»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե այդ նույն փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը կարող է դուրս գալ ԵՏՄ կազմից, երբ ցանկանա, և ՍԴ-ն հատկապես շեշտեց այդ կետը, Քոքոբելյանը նախ արձագանքեց, որ ցանկացած միությունից կարելի է դուրս գալ, հատկապես եթե այն հակասահմանադրական է, ապա նկատեց` եթե Ռուսաստանն արդեն ճանաչել է, այսինքն՝ Ռուսաստանը հավանության է արժանացրել, դա ինչ-որ բան արդեն նշանակում է: «Եվ մինչ այդ Հայաստանի խորհրդարանում և հասարակության շրջանում, հնարավորություն չկա լայն մասսաների համար, որպեսզի առերեսվեն այդ պայմանագրերին: Այսինքն՝ թե ինչին է Սահմանադրական դատարանը կողմ եղել, և ինչին է Ռուսաստանը համաձայն եղել, հասարակությունը տեղյակ չէ: Դա էլ է խոսում այն մասին, որ, մեղմ ասած, մինչ այս պահը փաստաթուղթը խնամքով թաքցվում էր: Եվ թող ոչ ոք չփորձի ասել, որ ոչ, դա ընդունելի է և այլն:
Պատգամավորն ընդգծեց, որ ինքն այդ փաստատթղթին ծանոթ է, և տեղյակ է, թե այն ինչ վտանգներ է պարունակում: Հարցին, արդյոք նույն իրավիճակը չէր նաև Եվրոպական միության Ասոցացման համաձայնագրի պարագայո՞ւմ, Քոքոբելյանը պատասխանեց.
«Եթե Ասոցացման համաձայնագրի պարագայում ասում էին, որ բանակցային գործընթացի ընթացում չի կարելի հրապարակել այն, էլի երեք ու կես տարի հետո Հայաստանի ժողովուրդը չիմացավ, թե ինչից ենք հրաժարվել, ապա այստեղ մենք գործ ունենք մի փաստաթղթի հետ, որի հետ մեր հասարակությունն այդպես էլ չառերեսվեց: Այսինքն` մինչ հաստատելը հասարակությունը պետք է ծանոթանար այդ պայմանագրի հետ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, ապա Քոքոբելյանի կարծիքով` սխալ էր այն, որ այդ փաստաթուղթը ևս չէր հրապարակվում: «Պատկերացրեք, որ Ձեր պետությունը երեք տարի բանակցել է, և Դուք տեղյակ չեք եղել, թե ինչի մասին է խոսքը գնում: Եթե այն ժամանակ գոնե փորձում էին վերջին պահին արդարանալ, որ բանակցային գործընթացն ավարտված չի եղել, և չավարտված բանակցային գործընթացն իրենք իրավունք ունեին չհրապարակել՝ հաշվի առնելով դետալների հետ կապված հետագա բանակցությունները, ապա այստեղ մենք գործ ունենք ավարտված գործընթացի հետ: Ռուսաստանի պառլամենտը հաստատել է, բայց մենք բոլորս լայն իմաստով այդ փաստաթուղթը տեսնելու, կարդալու, հաստատելու հնարավորություն չենք ունեցել: Ինձ ցույց տվեք մեկ լրատվամիջոց, որտեղից ես կարող եմ տեսնել այդ փաստաթղթերը: Որևէ քաղաքացի չի կարող կարդալ և հասկանալ, թե ինչ ճակատագիր է սպասվում երկրին»,- ասաց նա: