20/11/2014 12:47
Վ. Խաչատրյան. Ալիևյան կլանին ձեռք չի տալիս լայնածավալ պատերազմը Ղարաբաղում
Ամռանը հայկական կողմի գործողությունների ընթացքում ադրբեջանցիները տասնյակ կորուստներ էին տվել և Ադրբեջանում հնչում էին երկրում եռօրյա սուգ հայտարարելու կոչեր: Ադրբեջանական իշխանությունները ստիպված եղան վիրավորների մի մասին տեղափոխել թուրքական հոսպիտալներ` երկրի ներսում հասարակական կարծիքից զգուշանալով: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը և դրա հետևանքներին, ասաց նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը բացել է դիպուկահարների և դիվերսանտների մի քանի դպրոց` Ղարաբաղում գործելու համար, սակայն դրանց գործողությունների արդյունավետությունը բավականին ցածր է:
«Ադրբեջանը, փորձելով վրեժ լուծել ամռանը կրած ծանր կորուստներից, դիմեց անզեն ուղղաթիռի խոցմանը և այդ փաստը լայնորեն լուսաբանվեց ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից»,- նշեց Վ. Խաչատրյանը:
Վ. Խաչատրյանը ասաց նաև, որ հայկական կողմը պետք է ձեռք առնի այնպիսի միջոցառումներ, որոնք ավելի շատ ցավոտ կլինեն Ադրբեջանի համար, սակայն չպետք է այդ լոկալ դեպքը տանել դեպի լայնածավալ ռազմական գործողություններ:
Նա կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի իշխանություններին, ալիևյան կլանին ձեռք չի տալիս սկսել լայնածավալ ռազմական գործողություններ, քանի որ դա կարող է հանգեցնել ալիևյան կլանի հեռացմանը:
Վ. Խաչատրյանը հավելեց, որ հայկական կողմն էլ իր կողմից չպետք է իրավիճակը սրի այն աստիճան, որ Ադրբեջանի հետ սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ: