21/11/2014 14:41
Փուչիկների հրդեհման գործ. «Մինչև չայրեինք, չէինք իմանա»
Նոյեմբերի 19-ի երեկոյան «Չաո Բամբինո» մանկական սրճարանում փուչիկների պայթյունից այրվածքներ է ստացել 3 երեխա։ Այս մասին տեսանյութ իր Facebook-յան էջում տեղադրել է Նաիրի Բարսեղյան անունով օգտատերը:
«Հրապարակի դեպքերից հետո գոնե պիտի հասկանային, որ մի քանի կոպեկի համար չարժի խաղալ մարդկանց կյանքի հետ՝ հելիում գազի փոխարեն մեթան-պրոպան գազով լիցքավորել փուչիկները»,-գրել է Ն. Բարսեղյանը:
Նա նաև նշել էր, որ երեխաները ստացել են 1-ին և 2-րդ կարգի այրվածնքեր և համապատասխան օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից:
«Չաո Բամբինո» սրճարանի տնօրեն Գրիշա Հարությունյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենք պահանջել են ընկերության լիցենզավորման փաստաթղթերը, իսկ նման բան նախկինում երբևէ չի եղել:
Սրճարանի Facebook-յան էջում նշված էր, որ ընկերությունը պայմանագրով է աշխատել «Փուչիկների աշխարհ» կազմակերպության հետ:
Հարցին՝ նման անունով ընկերությունը գրանցված չէ պետռեգիստրում, ու՞մ հետ են պայմանագիր կքնել, սրճարանի տնօրենը պատասխանեց, որ իրենք պայմանագիր չեն կնքել, այլ միայն լիցենզիա են պահանջել:
«Ես և Դուք էլ կարող էինք հիմա ցանկացած խանութից գնել փուչիկ և մինչև չայրեինք, չէինք հասկանա՝ այն կայրվի, թե ոչ»,-ասաց տնօրենը:
Մեր դիտարկմանը, թե սրճարանը մանկական է, և իրենք են տրամադրել ծառայությունը, տնօրենը պատասխանեց, որ օրենքում պահանջ չկա՝ ստուգել փուչիկը ինչո՞վ է լիցքավորված, դա գործնականում հնարավոր չէ անել, իսկ մնացածը պետք է պարզեն իրավապահ մարմինները:
Համացանցում «Փուչիկների աշխարհ» անունով խանութ-սրահի հեռախոսահամարին պատասխանողը ներկայացավ որպես տնօրեն Կարինե Բաբաջանյան: Նա ասաց, որ դա միայն իր խանութի անունն է, գործունեությունը իրականացնում է այլ անունով, իսկ «Փուչիկների աշխարհի» անունից ծառայություններ մատուցող Արթուր Կտեյանին չի ճանաչում, թեև լսել է, որ նա փուչիկները լիցքավորում է իր ավտոտնակում:
Նշենք, որ այցեքարտի վրա նշված համարներից մեկին չեն պատասխանում, մյուսը՝ անհասանելի է:
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում: