21/11/2014 16:46
Աշոտ Մանուչարյան. Ուղղաթիռի հետ կապված դեպքը համարում եմ պատահականություն
«Ադրբեջանից հազարավոր գրոհայիններ գնում են իսլամականների շարքերում կռվելու և նրանք վերադառնում են Ադրբեջան ու այդ երկրում մեծ հեղինակություն են վայելում: Նրանց համար թիվ մեկ թշնամին Իլհամ Ալիևն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին, ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը ցանկանում է Ռուսաստանի հետ ստեղծել պաշտպանական գիծ ընդդեմ իսլամականների:
«Ւսլամականները վտանգ են ներկայացնում Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար: Ամենամեծ վտանգը նրանք ներկայացնում են Ադրբեջանի համար, որտեղ կարող են իսլամականներ կարգեր հաստատվել»,- նշեց Ա.Մանուչարյանը:
Նա նշեց, որ ուղղաթիռի հետ կապված դեպքը ինքը համարում է պատահականություն և պատահականություն է նաև, որ հայկական ուղղաթիռը մոտեցել է ադրբեջանական դիրքերին:
«Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու էր պետք Իլհամին դիմել ուղղաթիռի խոցմանը»,- նշեց Ա.Մանուչարյանը:
Ամփոփելով խոսքը՝ Ա. Մանուչարյանն ասաց, որ օգոստոսին Ադրբեջանը նվաստացավ և այժմ էլ նրանց դիվերսանտները գտնվում են հայերի ձեռքում, ու Ադրբեջանը այդ պատճառով թույլ չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին և վերցնել դիակները: