21/11/2014 17:36
Հայտարարություն. ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետներին
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանում է Րաֆֆի Հովհաննիսյանի սուր քննադատությունները:
Նա հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է.
«Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր քաղաքական գործընկերոջ տեսակետներին և բարձրացրած հարցերին:
Մենք վերահաստատում ենք մեր տեսակետը, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային և հրապարակային միջոցառում:
Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս ընդգծել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լիարժեք տիրապետում է երկրում առկա աննախադեպ դժգոհությունների ողջ ծավալին: Մենք առաջ ենք շարժվում սառը հաշվարկված, գրագետ քայլերի ճանապարհային քարտեզով, որպես հիմնական նպատակ ունենալով երկրում արմատական և անշրջելի փոփոխությունների իրականացումը, ժողովրդի բարեկեցության բարձրացումը և Հայաստանի Հանրապետության ուժեղացումը:
Ամբողջ երկրով մեկ բացվող համաժողովրդական շարժման գրասենյակները նպատակ ունեն հզորացնելու շարժման ռեսուրսները, մոբիլիզացնելու ողջ ժողովրդին, նորանոր սոցիալական խավեր և հասարակական շերտեր ներգրավելու համաժողովդրական պայքարին:
Շարժմանը միացող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների աննախադեպ ծավալը վկայում է, որ փոփոխությունների գաղափարը օր օրի լայնորեն տարածվում է Հայաստանում և սփյուռքում: Որևէ շարժում չի հասել հաջողության առանց լուրջ կազմակերպչական աշխատանքի: Մենք կարևորում ենք նաև հզոր զանգավածային միջոցառումները, որոնք անպայման լինելու են, և որտեղ ժողովրդի ձայնը կհնչի շատ ավելի հզոր, քան երբևէ: Համաժողովրդական շարժումն իր բոլոր նպատակներին հասնելու է խաղաղ և անցնցում ճանապարհով: Եվ մեր հաղթանակը որևէ մեկի մոտ կասկած չի կարող հարուցել»,- ասված է հայտարարության մեջ:
Նախորդող հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյան. Պետք է ունենալ տղամարդկություն և ասել, որ կան բաց մնացած հարցեր