21/11/2014 16:00
Գործարարը նոր մեթոդ է առաջարկում՝ «գծի տերերի գործին խփելու» համար
Գործարար ներկայացող Վահե Պետրոսյանն առաջարկում է անձնական օգտագործման ավտոմեքենաները դարձնել հանրային երթևեկության միջոց՝ դրանց վրա տեղադրելով հատուկ սարքեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վ. Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ մարդատար մեքենաների վրա կարելի է տեղադրել Չինաստանից բերված վազող տողով սարք, որի վազող տողում կնշվի երթևեկության ուղին, նստատեղերի քանակը և սակագինը։
«Մի քանի ամիս շարունակ այդ սարքը իմ ավտոմեքենայի վրա տեղադրած՝ որպես տաքսի, փորձել եմ հասկանալ մարդկանց արձագանքը այդ մեթոդին։ Մարդիկ չեն հասկանում նորամուծության օգտավետությունը, սակայն եթե նման սարքեր շատ լինեն, մարդիկ լավ էլ կօգտվեն»,- ասաց Վ. Պետրոսյանը։
Նա ասաց, որ ոլորտի պատասխանատուներից պետք է պարզի, ի՞նչ քանակի սարքեր են հարկավոր և ի՞նչ սակագներով, որոնց մի մասը կտրվի անձնական մեքենաներին, մյուսն էլ՝ տաքսի ծառայություններին։
Այս ծրագիրն իրականացնելու համար Վ. Պետրոսյանը նշեց, որ իրեն անհրաժեշտ են հովանավորներ, ովքեր պատրաստ կլինեն 250 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ տալ, իսկ ծրագրի իրականացման դեպքում կկարողանան խփել «գծի տերերի գործին»: