21/11/2014 18:09
Դավիթ Սանասարյան. Շահեն Հարությունյանը գիտակցում է, թե ինչ է անում իր հայրը
ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանին այսօր մեկ օրով միացել է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը:
Դ. Սանասարյանը «Ազատություն» TV-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց Շահենին՝ նշելով, որ նա այն եզակի հասուն քաղաքացիներից է, ով բավական խորը հասկացողություն ունի և գիտակցում է, թե ինչ է անում իր հայրը:
«Ես նրան խնդրեցի չմիանալ հացադուլին, բայց հաշվի առնելով նրա հստակ կեցվածքը՝ ողջունում են նրա քայլը»,-ասաց Դ. Սանասարյանը:
Նա ասաց, որ ինքը այնտեղ է գտնվում որպես քաղաքացի, ոչ թե որպես «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, քանի որ կուսակցությունը նման որոշում չի կայացրել:
Նշենք, որ Շ. Հարությունյանը ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ ինքը Դ. Սանասարյանի հացադուլին կմիանա միայն 24 ժամ, ամենակարևորը այն է, որ «ճշտի համար» կարելի է հացադուլ անել և ինքը հույս ունի, որ վաղը նրան կփոխարինեն այլ մարդիկ:
Հիշեցնենք, որ իր Facebook-յան էջում Դ. Սանասարյանը ասել էր, որ «ինքը հացադուլ է սկսում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի հետ վերադարձման համար»:
Նախորդող հրապարակում՝ Դ. Սանասարյանը հացադուլ է սկսել. Պահանջը մեր օդաչուներին վերադարձնելն է