21/11/2014 15:43
Պարգևատրումներ` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 70-ամյակի կապակցությամբ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 70-ամյակի կապակցությամբ, մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած վաստակի համար Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմական շարժման և վոկալի ամբիոնի պրոֆեսոր Մերուժան Խորենի Սահակյանին շնորհվել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ինստիտուտի 70-ամյակի կապակցությամբ, կրթության բնագավառում երկարամյա մանկավարժական գործունեության համար Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սեյրանի Սարգսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար Էդգար Ֆերդինանդի Ղազարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: